Ես նախորդ նիստում արձանագրեցի մեր հավաքական ջանքերի կարեւորությունը Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից ապօրինի շրջափակելու փաստի միջազգային տեսանելիությունը մեծացնելու համար: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք տեսնում ենք, որ ԼՂ շուրջ ստեղծված հումանիտար ճգնաժամը բավականին մեծ միջազգային արձագանք է ստացել: Նախորդ օրը կարեւորագույն քննարկում տեղի ունեցավ ՄԱԿ-ի ԱԽ-ում այս հարցի վերաբերյալ: Տարբեր երկրներ եւ միջազգային կազմակերպություններ շարունակում են հստակ գնահատական հնչեցնել ստեղծված իրավիճակին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել հստակ գնահատական հնչեցրած բոլոր երկրներին եւ միջազգային կազմակերպություններին, շնորհակալություն եմ հայտնում նաեւ Հայաստանի եւ Սփյուռքի այն կազմակերպություններին ու անհատներին, մասնագիտական խմբերին, որոնք ջանքեր են գործադրում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի միջազգային տեսանելիության աճի համար: Մեր միասնական ջանքերն այս ուղղությամբ պետք է ավելի մեծացնենք:
ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում միջազգային հանրության ակտիվությունը պետք է էականորեն մեծանա: Ակտիվորեն պետք է աշխատել ԼՂ եւ Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ»,-ասաց նա: