Ինչու Արցախի նախկին պետնախարար, գործող պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը նստացույց ու բողոքի ակցիա չի իրականացնում Կառավարության շենքի մոտ, այլ ընտրել է ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը:
Այս հարցն ընդամենը մի քանի ժամ առաջ բարձրաձայնել էր նաև MediaHub-ը և որին քիչ առաջ ուղիղ եթերով պատասխանեց Բեգլարյանը:
«Այո, Հայաստանի Հանրապետությունը գլխավոր պատասխանատուներից է: ՀՀ, Արցախի կառավարությունները և ՌԴ-ը հիմնական պատասխանատուներն են այս իրավիճակի, հետո նոր մնացած երկրները: Սակայն ՀՀ Կառավարության շենքի առջև ակցիաները կարող էին միակողմանի լինել՝ միայն ՀՀ Կառավարության պատասխանատվության հարց չէ սա: Եվ երկրորդ, ես ունեմ պաշտոնական էթիկայի և օրենսդրության հարցեր, որոնք ինձ կաշկանդում են ՀՀ ներքաղաքական հարցերի մեջ մտնել, ներգրավվել»,- հայտարարեց Արտակ Բեգլարյանը:
Ի դեպ, ևս մի քննադատության նա անդրադարձավ՝ ինչու հենց ՄԱԿ-ի գրասենյակի մոտ է ակցիան իրականացվում.
“Եթե միայն ՌԴ դեսպանատան առջև ակցիա անեինք, ապա կստացվեր, որ միայն Ռուսաստանին են համարում պատասխանատու: Այդ իսկ պատճառով ընտրել են ՄԱԿ գրասենյակը, որպես կոլեկտիվ կառույց”,- հայտարարեց նա: