00:00:00

Գազի անջատման պատճառով արցախցիները մետաղական գազի բալոն են օգտագործել․ հրդեհի 3 դեպք է գրանցել

11:41, 19 դեկտեմբեր 2022 Լեռնային Ղարաբաղ

Դեկտեմբերի 12-ից Արցախը կտրված է աշխարհի հետ կապող միակ ճանապարհից: Ադրբեջանն առավոտյան ժամը 10:30-ից, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկը: Արդեն մեկ շաբաթ է Արցախը շրջափակման մեջ է: ՆԳ նախարարության բոլոր ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ռեժիմով ծառայության: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Դեկտեմբերի 12-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների 911 ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 1646 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ նվազել է ինչպես տեխնածին, այնպես էլ կենցաղային բնույթի կանչերի թիվը:

Հրդեհի վերաբերյալ ստացվել է 8 կանչ: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանն անջատել է բնական գազի մատակարարումը՝ դեպի Արցախի Հանրապետություն: Բնակչությունը 2 օր շարունակ կենցաղում օգտագործել է մետաղական գազի բալոններ, որի արտահոսքի արդյուքնում հրդեհի 3 դեպք է տեղի ունեցել: Հրշեջ փրկարարներն իրականացրել են կանխարգելման միջոցառումներ և ապահովել բնակչության անվտանգությունը:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում է բնակիչներին էլեկտրաջեռուցման, փայտե վառարանների և գազի սարքավորումների օգտագործման ժամանակ՝ խստագույնս պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:

Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն անցած շաբաթվա ընթացքում արձագանքել են կենցաղային բնույթի 12 և տեխնածին բնույթի 11 կանչերի, այդ թվում՝ կատարելով փակված 6 դռան և 2 վերելակի բացում:

Փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը՝ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և «The Halo Trust» կազմակերպության սակրավորների հետ Արցախի Հանրապետության տարածքում շարունակում են հետախուզական, միաժամանակ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման աշխատանքները: Անցած շաբաթվա ընթացքում կատարվել է 6 ելք: Հայտնաբերվել է շուրջ 264 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:

ԱԻ պետական ծառայությունը բնակչության անվատնգության ապահովմանն ուղղված շուրջօրյա ծառայություն է իրականացնում: Փրկարարներն արձագանքում են բոլոր դեպքերի և պատահարների վերաբերյալ կանչերին:
Հեռ՝ 911, 101,112, 047 94-09-11։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր