Այսօր՝ դեկտեմբերի 17-ի երեկոյան, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանի նախաձեռնությամբ Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ-մոբ՝ «Կյանքի ճանապարհ» խորագրով:
Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ արցախցի հազարավոր երիտասարդների մասնակցությամբ «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի տարածքում ֆլեշ-մոբի ընթացքում լույսերով պատկերվել է «Կյանքի ճանապարհ» (ROADOFLIFE) բառակապակցությունը:
Մեզ հետ զրույցում ԱրՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ Արա Սարգսյանն ասել է, որ ֆլեշմոբի միջոցով նպատակ ունեն ողջ աշխարհի ուշադրություն հրավիրել Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կոպտագույն խախտմամբ ու կեղծ բնապահպանական նկատառումներով Արցախը Հայաստանի հետ կապող միակ «Կյանքի ճանապարհը» փակելու և դրանով իսկ ավելի քան 120.000 մարդու շրջափակման մեջ պահելու խնդրի վրա:
«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն արդեն 6 օրից ավելի փակ է։ Ադրբեջանի կողմից այս շրջափակումը հումանիտար ճգնաժամի վտանգի առջև է կանգնեցրել արցախահայությանը։ Միջազգային հանրությունը պետք է պատշաճ գնահատական տա և պատժի ագրեսոր Ադրբեջանին։ Ապացուցված է նաև այն փաստը, որ «բնապահպանների» անվան տակ թաքնվում են ադրբեջանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ, որոնց ազգայնական նպատակներն ավելի հեռուն են գնում՝ ցեղասպանություն իրականացնել և հայաթափել Արցախը։Մեր ժողովուրդն չի հանձնվելու, այլ պայքարելու է, որպեսզի Արցախը ինչպես միշտ, մնա հայկական»,-ընդգծել է Ա. Սարգսյանը։