00:00:00

ՌԴ-ից ակնկալում ենք կիրառել «ճանաչում հանուն փրկության» սկզբունքը. Արտակ Բեգլարյան

18:19, 15 դեկտեմբեր 2022 Լեռնային Ղարաբաղ

Պահանջում ենք Ռուսաստանից խաղաղապահ առաքելության և ՄԱԿ-ի գործիքակազմերը կիրառելով՝ լուծում տալ հումանիտար աղետին, վերացնել Արցախի ժողովրդի շրջափակումը, վերականգնել գազամատակարարումը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, Արցախի նախկին ՄԻՊ, Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

«Նաև երկարաժամկետ աշխատանք պետք է իրականացնել ՄԱԿ-ի  ձևաչափով, որպեսզի Արցախն ունենա երկարաժամկետ անվտանգության միջազգային երաշխիքներ։ Թե ինչպիսին կլինեն այդ երաշխիքները, ինչ ձևաչափով, մեզ հետաքրքիր են արդյունքները՝  կայուն միջազգային երաշխիքները»,- ասաց արցախցի պաշտոնյան։

Այդ տեսանկյունից, Ա. Բեգլարյանի խոսքով, Ռուսաստանը նույնպես, ինչպես  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մնացած 4 անդամները՝ ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա, բոլորն ունեն պարտավորություններ որպես միջազգային հանրության ամենագլխավոր ներկայացուցիչներ, դերակատարներ և որպես պատասխանատվության ստանձնած երկրներ պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը։

«Միջազգային հանրությունից մյուս ակնկալիքն այն է, այդ թվում Ռուսաստանից, որ հակամարտության  կարգավորման արդարացի և խաղաղ, վերջնական կարգավորման ուղղությամբ գործուն ջանքեր գործադրվեն։ Դրա համար, մեր պատկերացմամբ, պետք է  կիրառվի «ճանաչում հանուն փրկության» սկզբունքը, որովհետև մենք ունենք ինքնորոշման իրավունք, մենք այդ իրավունքն իրացրել ենք 1991 թվականին, 31 տարի շարունակ համայն հայության և Հայաստանի գործուն աջակցությամբ մենք կայացրել ենք պետականությունը, նույնիսկ  ավելի արդյունավետ ժողովրդավարական ինստիտուտներ ենք կայացրել, ապացուցել ենք, որ ունենք պետություն, արժանի ենք պետություն ունենալու։

Ունենալով ինքնորոշման իրավունք, ունենալով Ադրբեջանի կազմում ապրելու անհամատեղելիություն, նաև այս երկու տարվա շարունակական հայատյաց ցեղասպանական քաղաքականությունը հաշվի առնելով՝ մենք հստակորեն պահանջում  և ակնկալում ենք բոլոր երկրներից, այդ թվում Ռուսաստանից կիրառել «ճանաչում հանուն փրկության» սկզբունքը։ Ճանաչումը լրացուցիչ քաղաքական, միջազգային երաշխիք է դառնալու Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների ապահովման և հակամարտության արդարացի  կարգավորման համար»,-ասաց Բեգլարյանը։

Նշենք, որ այսօր բողոքի ակցիաներ են անցկացվում ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամ երկրնների դեսպանությունների մոտ: Ակցիաների նպատակն է հասնել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի սադրանքների հասցեական դատապարտմանը, գործնական քայլերի՝ ուղղված Արցախի առաջ ծառացած հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը։

Ակցիայի մասնակիցների ձեռքին կան անգլերենով պաստառներ. «Դադարեցնեք Ադրբեջանի ագրեսիան», «Պաշտպանել Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները», «Արցախը ձեր կարիքն ունի, խոսեք հիմա», «Ճանաչեք Արցախը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր