Հաշվի առնելով Չինաստանի հետ հայ ժողովրդի ունեցած պատմական բարեկամական հարաբերությունները, եւ նաեւ այն հանգամանքը, որ Չինաստանը եւս կարող է Արցախի շրջափակման եւ հումանիտար աղետի վերածելու հարցը դարձնել ՄԱԿ-ի Անվտանգությոն խորհրդում քննարկման թեմա եւ առաջ մղել Արցախի ժողովրդի իրավունքների, կյանքի իրավունքի պաշտպանության հարցը, մենք որոշել ենք նաեւ նամակ փոխանցենք նաեւ Չինաստանի դեսպանատան ներկայացուցչին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Որպեսզի կարողանանք միջազգային հստակ երաշխիքներ ունենանք, պետք է գործարկել ՄԱԿ-ի համապատասխան գործիքակազմը, դրա համար հարցը պետք է քննարկման առարկա դառնա ՄԱԿ-ի ԱԽ-ում: Իրենց դիրքորոշումը պետք է արտահայտեն ՄԱԿ-ի ԱԽ բոլոր անդամենրը, հատկապես 5 մշտական անդամները, այդ թվում Չինաստանը: Այսօր մենք հավաքվել ենք տեղեկացնելու Չինաստանի ներկայացուցիչներին, որ այս պահին 120 հազար մարդ գտնվում է շրջափակման մեջ: Ադրբեջանը դադարեցրել է գազի մատակարարումը դեպի Արցախ:
Արցախում հումանիտար ճգնաժամի համար ամբողջ միջազգային հանրությունն է պատասխանատվություն կրում: Խնդրում եռնք Չինաստանին օգտագործել իր հնարավորությունները այս հարցը միջազգային հարթակում քննարկման առարկա դարձնելու համար, նաեւ սատար կանգնել մեր ժողովրդի իրավունքների պաշտպանությանը»,-հայտարարեց Գեղամ Ստեփանյանը:
Նշենք, որ այսօր բողոքի ակցիաներ են անցկացվում ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամների դեսպանությունների մոտ: Ակցիաների նպատակն է հասնել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի սադրանքների հասցեական դատապարտմանը, գործնական քայլերի՝ ուղղված Արցախի առաջ ծառացած հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը։