Արցախի կառավարությունում Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ կստեղծվի քաղպաշտպանության օպերատիվ շտաբ

 

 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1324News

 

Արցախի Հանրապետության պետնախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Ռուբեն Վարդանյանն այսօր  հրատապ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Քաղպաշտպանության ոլորտում ընդգրկված  գերատեսչությունների ղեկավարների և պատասխանատուների մասնակցությամբ, հայտնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Պետնախարար Ռուբեն Վարդանյանը տեղեկացրել է, որ կառավարությունում իր ղեկավարությամբ կստեղծվի օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների  համակարգման նպատակով:

Նշելով, որ իրավիճակը բավականին բարդ է,  և ըստ էության Արցախը հայտնվել է ադրբեջանական շրջափակման մեջ, պետնախարարը միաժամանակ  շեշտել է, որ կառավարությունն ունի բոլոր հնարավորությունները, ներուժը՝ այն վերահսկելու համար: Ընդգծելով պետական մարմինների առավելագույնս կազմակերպված, համակարգված ու կարգապահ աշխատանքը՝ նա կարևորել է օպերատիվ հաղորդակցության, գերատեսչությունների և վարչական շրջանների միջև արդյունավետ կապի, ինչպես նաև հասարակության պատշաճ իրազեկման ապահովումը:

Գերատեսչությունների ղեկավարները պետնախարարին զեկուցել են յուրաքանչյուրն իրենց ոլորտում իրավիճակը՝ տեղեկացնելով առկա պաշարների և ռեսուրսների մասին: Պետնախարարը հանձնարարել է կատարել գույքագրում և տեղեկատվություն տրամադրել հրատապ խնդիրների մասին: