00:00:00

Արցախի նախագահն ու Մարսելի քաղաքապետը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր

16:09, 10 դեկտեմբեր 2022 Լեռնային Ղարաբաղ

Աշխատանքային այցի շրջանակներում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 9-ին Մարսելում մի շարք հանդիպումներ է ունեցել տեղի ղեկավար կազմի հետ:

Երկրի ղեկավարը առանձնազրույց է ունեցել Բուշ դյու Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալի հետ, այնուհետև հանդիպումը շարունակվել է լայն ֆորմատով՝ դեպարտամենտի խորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նախագահն իր երախտագիտությունն է հայտնել ներկաներին 2020 թ. հոկտեմբերի 23-ին՝ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ամենաթեժ պահին ընդունած՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը շտապ միջազգային հումանիտար օգնություն տրամադրելու մասին բանաձևի համար:

Արայիկ Հարությունյանը կարևորել է այն փաստը, որ այսօր ևս նրանք շարունակում են ակտիվորեն պաշտպանել Արցախի ժողովրդի շահերը:

Այնուհետև տեղի է ունեցել հանդիպում Պրովանս Ալպ Կոտ դ՛Ազյուր շրջանի նախագահ Ռընո Մյուզըլիեի հետ:

Արայիկ Հարությունյանն ընդգծել է Ֆրանսիայի վարչական շրջանների հետ ունեցած փոխգործակցության ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը: Այդ համատեքստում նախագահը շնորհակալություն է հայտնել Պրովանս Ալպ Կոտ դ՛Ազյուր շրջանային խորհրդին՝ 2020 թ. դեկտեմբերի 17-ին Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման մասին բանաձև ընդունելու համար՝ նշելով, որ դա շատ կարևոր և քաջալերող քայլ էր ինչպես քաղաքական, այնպես էլ բարոյական տեսանկյուններից:

Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են համատեղ հռչակագիր, որում դատապարտվում է Արցախի և Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ագրեսիան և աջակցություն է հայտնվում Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքներին, հատկապես՝ ինքնորոշման իրավունքին:

Փաստաթղթում ընդգծվում է, որ ղարաբաղյան հակամարտության միայն խաղաղ և բոլոր կողմերի շահերը հարգող կարգավորումն է կարող տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման նոր էջ բացել: Միաժամանակ կոչ է արվում միջազգային հանրությանը՝ դատապարտելու Ադրբեջանին՝ ռազմական հանցագործությունների, մարդու իրավունքների ոտնահարման, ինչպես նաև Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների ու ռազմագերիների ազատազրկման համար:

Նախագահ Հարությունյանի գլխավորած պատվիրակության հաջորդ հանդիպումը եղել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի հետ: Քննարկվել են Արցախի շրջանների ու համայնքների հետ ապակենտրոն համագործակցությանը վերաբերող հարցեր: Քաղաքապետ Պայանը հավաստիացրել է, որ շարունակելու է գործադրել բոլոր հնարավոր ջանքերը Արցախին ուղղված հումանիտար օժանդակության ծրագրերն ավելացնելու ուղղությամբ:

Հանդիպումներին մասնակցում էր նաև Մարսել քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոս, բարերար Վարդան Սիրմաքեշը:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր