Լաչինի միջանցքի փակումը նոյեմբերի 9-ի հայտարարության կոպտագույն խախտում կլիներ, բայց ռուս խաղաղապահների հետ բանակցությունների արդյունքում հարցը արագորեն հարթվել է։ Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով օրեր առաջ բնապահպաններ ներկայացած մի խումբ ադրբեջանցիների կողմից Գորիս-Ստեփանակերտ մայրուղին փակելու հարցին, ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Իրավիճակը փխրուն է, հարցերը կարգավորված չեն և նոր պահանջները կարող են ուղղված լինել միայն իրավիճակի սրացմանը, միտումնավոր, թե՝ ոչ միտումնավոր, սա արդեն մեկնաբանությունների հարց է»,- ասաց Միրզոյանը։
Նա նշեց, որ ԼՂ հայության վրա շարունակում են կրակել և այս պայմաններում Պաշտպանության բանակի գոյությունը առավել քան անհրաժեշտ է։
«Նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները ոչ ամբողջությամբ են իրագործված, խոսքը առաջին հերթին հայ ռազմագերիներրի ազատ արձակման ձգձգման մասին է, ինչ վերաբերում է տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման հարցին, բառացիորեն երեկ է եղել աշխատանքային խմբի հանդիպումը, ընթանում են աշխատանքներ, իհարկե, քննարկվող հարցերը բարդ են, բայց բոլոր հարցերում հայկական կողմը դրսևորում է առավելագույն կառուցողականություն»,- ասաց Միրզոյանը։