Արցախի Իվանյան քաղաքում ավարտվել է ռուս խաղաղապահների հրամանատարության և ադրբեջանցի «բնապահպաններից» կազմված մոնիթորինգային խմբի քննարկումները:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, խմբի բանակցությունները ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ տեղի են ունեցել Իվանյանում` խաղաղապահների շտաբում։
Բանակցություններից հետո ադրբեջանցիները վերադարձել են օկուպացված Շուշի քաղաք:
Նշենք, որ ադրբեջանական կողմը պնդում է, որ Արցախում տեղի է ունեցել բնական պաշարների ապօրինի շահագործում, ինչը նրանք ցանկանում են հետաքննել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին քաղաքացիական հագուստով ադրբեջանցի մի խումբ «բնապահպաններ» Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարինտակ խաչմերուկի հատվածում մի քանի ժամ փակել էին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Այդ քայլի պատճառաբանությունը եղել է «բնապահպանական»: ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Վոլկովի մասնակցությամբ բանակցությունից հետո ադրբեջանցիները բացել են ճանապարհը, որը նոյեմբերի 9-ի համաձայնագրով գտնվում է ՌԴ խաղաղապահների վերահսկողության տակ: