ԱՀ բնապահպանության կոմիտեն հայտարարություն է տարածել՝ ի պատասխան ընդերքի և բնապահպանական հարցերի վերաբերյալ ադրբեջանական շահարկումներին: Հայտարարությունը՝ ստորև.
«Ի պատասխան ընդերքի և բնապահպանական հարցերի վերաբերյալ ադրբեջանական շահարկումների՝ Արցախում ընդերքից օգտվելու սկզբունքները, կարգը, ինչպես նաև ընդերքօգտագործման հետ կապված հարաբերությունները սահմանվում են Արցախի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով
ԱՀ բնապահպանության կոմիտեն, որպես պետական լիազոր մարմին, պատշաճ կերպով վերահսկում է ընդերքօգտագործող ընկերությունների գործունեությունը:
Ընդգծենք, որ Արցախի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, որը օգտագործվում է բնապահպանական և սոցիալական պատասխանատվության միջազգային առաջադեմ չափորոշիչներին համապատասխան: Այդ չափորոշիչների շրջանակներում Արցախի Հանրապետությունը հոգ է տանում իր բնակչության առողջության ու բնության պահպանման մասին՝ չնայած միջազգայնորեն չճանաչվածությամբ և հակամարտությամբ պայմանավորված տարբեր դժվարություններին: Միջազգային մակարդակի փորձագետների ներգրավմամբ մեր պարբերական ուսումնասիրությունները որևէ նշանակալի բնապահպանական ռիսկեր չեն արձանագրել ընդերքօգտագործման հետ կապված՝ ըստ անհրաժեշտության ձեռնարկելով կանխարգելիչ միջոցներ:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության տարածած համապատասխան հայտարարությանը, ապա վստահ ենք, որ Արցախի օրենսդրության շրջանակներում կատարված ցանկացած ուսումնասիրության արդյունքները վերահաստատելու են բնապահպանական չափորոշիչների պահպանումը: Ավելին, Արցախի Հանրապետությունը պատրաստ է նույնիսկ միջազգային փորձագիտական խումբ հրավիրել՝ բնապահպանական ռիսկերը լրացուցիչ գնահատելու և համակարգը բարելավելու նպատակով»: