00:00:00

Արցախի ոստիկանը բարդ ու վտանգավոր, սակայն անհրաժեշտ ու պատվաբեր գործառույթ է իրականացնում. Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել

11:11, 30 նոյեմբեր 2022 Լեռնային Ղարաբաղ

Նոյեմբերի 30-ը Արցախի Հանրապետության ոստիկանության աշխատակցի մասնագիտական օրն է։ ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել.
 
«Արցախի Հանրապետության շուրջ 31-ամյա պետականության կայացման ու ամրապնդման, պետության ու հասարակության անվտանգության ապահովման գործում, ոստիկանության համակարգն ունեցել է և ունի իր մեծ դերակատարումը՝ իրականացնելով կարևորագույն առաքելություն:
Հետևողական պայքար մղելով հանցավորության դեմ, Արցախի ոստիկանը պաշտպանում է մարդու, հասարակության ու պետության շահերը:
 
Ուրախությամբ պիտի նշեմ, որ Արցախն արդեն ունի ձևավորված ոստիկանական համակարգ և բարեխիղճ ծառայողներ, որոնք հմտորեն կատարում են իրենց պարտականությունները: Այսօրվա ոստիկանությունն էապես տարբերվում է. այն ավելի արդիական է, թափանցիկ և ավելի հանդուրժող, իսկ ծառայողներն ավելի գրագետ են ու պատրաստված: Առաջնորդվելով օրենքի պահանջներով, Արցախի ոստիկանը բարդ ու վտանգավոր, սակայն անհրաժեշտ ու պատվաբեր գործառույթ է իրականացնում:
 
Փառք ու խոնարհում արցախյան պատերազմներում և իրավակարգի ամրապնդման զոհասեղանին իրենց կյանքը դրած հերոսներին, փառք ու պատիվ այն ոստիկաններին, ովքեր կրելով համազգեստը և հավատարիմ մնալով սպայի արժանապատվությանը, անվերապահորեն կատարում են իրավակարգի պաշտպանի գործառույթները:
 
2020 թվականի Արցախի դեմ իրականացված ռազմական գործողությունները, դրան հաջորդած սահմանային լարվածությունները մեզ ստիպել է փոխել մեր օրակարգը:
 
Սահմանամերձ բնակավայրերում ծառայություն իրականացնող ոստիկանները մեծ պատասխանատվություն են ստանձնել հայրենիքի պաշտպանության և սահմանապահ համայնքների անվտանգությունը պատշաճ ապահովելու գործում:
 
Ոստիկանի նոր կերպար ունենալը և համակարգի հանդեպ հանրության վստահությունը ձեռք բերելը՝ ՆԳ նախարարության հիմնական առաջադրանքներից մեկն է: Այս ուղղությամբ ամենօրյա աշխատանք է իրականացվում, որովհետև մեզ համար գլխավորը հասարակության հավատն է ու հարգանքը ԱՀ ոստիկանի նկատմամբ: Ցանկացած իրավիճակում մեր ժողովուրդը գիտի, ինքը մենակ չէ, որ պաշտպանված են նրա իրավունքները:
 
Հարգելի՛ գործընկերներ,
 
Ամփոփելով ուղերձս, շնորհավորանքի հետ մեկտեղ երախտագիտություն եմ հայտնում բոլորիդ: Միասին երկար ու դժվարին ճանապարհ ունենք անցնելու: Մաղթում եմ համախմբվածություն, ուժ և համբերություն», - նշված է ուղերձում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր