00:00:00

Վատ չէր լինի, եթե Ադրբեջանը նման աննշան առիթներով կասկածի տակ չդներ ԼՂ-ում խաղաղապահների գործունեությունը․ խաղաղապահ զորախումբն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ քննադատությանը

18:08, 25 նոյեմբեր 2022 Արտաքին քաղաքականություն

Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբն արձագանքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությանը։

«ՌԴ զինված ուժերը և ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմը ուսումնական և մարտական խնդիրների կատարման ընթացքում օգտագործում են ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի տեղագրական քարտեզներով սահմանված տեղանունները: Զարմանք է առաջացնում Բաքվի քննադատությունը Մաղավուզ բնակավայրի անվան վերաբերյալ, քանի որ նախկինում և բազմիցս Ռուսաստանի ՊՆ տեղեկագրերում օգտագործվել են նաև այլ ոչ ադրբեջանական տեղանուններ՝ Լեռնային Ղարաբաղի տարածքով Ադրբեջանի քաղաքացիների ավտոշարասյուների ուղեկցման ապահովման համատեքստում։ Ավելին, ադրբեջանական կողմը նույնպես օգտագործում է այդ տեղանունները։ Հրադադարի ռեժիմի խախտումները, որոնք հրապարակվում են ՌԴ ՊՆ պաշտոնական տեղեկագրերում, գրանցվում են խաղաղապահների դիտորդական հենակետերի կողմից՝ օգտագործելով օբյեկտիվ հսկողության սարքավորումներ, որոնք թույլ են տալիս դիտարկումն իրականացնել օրվա ցանկացած պահի: Ամենևին վատ չէր լինի, եթե Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նման աննշան առիթներով կասկածի տակ չդներ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը»,- նշված է հայտարարության մեջ։

Նշենք, որ  Ադրբեջանի ՊՆ-ն ռուսական կողմից պահանջել էր Լեռնային Ղարաբաղի մասին խոսելիս կիրառել բացառապես ադրբեջանական տեղանունները և մեղադրել էր հայկական կողմի՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին տեղեկատվությունը չհրապարակելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր