Գյումրիում օրեր առաջ արտակարգ դեպք է գրանցվել։ Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ Գյումրու թիվ 11 դպրոցի աշակերտներից մեկի ծնողը ծեծել է նույն դպրոցի մանկավարժներից մեկին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ աշակերտներից մեկը դասի ժամանակ ծնողին sms հաղորդագրություն է ուղարկում, հայտնելով, թե ֆիզկուլտի ուսուցիչն իրեն լավ չի վերաբերվել, որից հետո տվյալ աշակերտի ծնողն ու հորեղբայրը եկել են դպրոց՝ դուրս հրավիրել մանկավարժին և հարվածել։ «Հանել է միջանք ու 4-րդ դասարանի աշակերտների դեմը քացով ծեծել է։ Հիմի գործը ոստիկանությունում է։ Երեխեն էնքան է, որ ասել է դասատուս վրես խոսացել է, եկել են առանց հարցնելու հարձակվել են»,- ասաց մեր աղբյուրը, հավելելով, որ հարվածել են նույն դպրոցի երկարամյան մանկավարժին, ով 65 տարեկան է։
Նրա խոսքով՝ մանկավարժի դեմքին այտուցներ կային, ինչն արձանագրվել է ոստիկանների կողմից։
Գյումրու թիվ 11 դպրոցի տնօրեն Արմենուհի Գրիգորյանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ միջադեպ տեղի ունեցել է, սակայն վստահեցրեց բանը վիճաբանությանը և առավել ևս հարվածներին չի հասել։ «Մի փոքր վիճել են ուսուցիչն ու ծնողը մտածելով, որ բան է եղել, եկել հասկացել են իրար, ծեծ չի եղել»,- ասաց Գրիգորյանը, հավելելով, որ տվյալ մանկավարժը ոստիկանություն չի դիմել։ «Ոստիկանություն զանգել են չար մարդիկ, էդ պատճառով եկել՝ նայել են, ուսուցիչն ասել է, որ կոնֆլիկտ ունեցել է մի պահ ծնողի հետ, բայց անցել՝ գնացել է»,- նշեց դպրոցի տնօրենը։
Հարցին, թե ինչն է եղել կոնֆլիկտի պատճառը, տնօրենն ասաց, որ անձամբ այնտեղ ներկա չի եղել։ Նրա խոսքով՝ դպրոցում ընթացող ստուգումներով պայմանավորված զբաղված է եղել, բայց իր մոտ է հրավիրել և ծնողին և տվյալ մանկավարժին և տեղեկացել է, որ որեւէ լուրջ բան չի եղել։ «Պարզապես երեխան տեղյակ է պահել, թե ուսուցիչը ականջն է քաշել, դրա համար եկել են։ Ես երկուսին կանչել՝ զրուցել եմ, հետո անցել գնացել է»,- ասաց նա։
Հարցին, թե այդ «չար» մարդիկ ովքե՞ր են, որ զանգահարել են ոստիկանություն, տնօրենն ասաց, թե տեղյակ չէ, բայց գիտի, որ ուսուցիչն էլ էր զարմացել, որ ոստիկաններ են եկել։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք մանկավարժը քաշել է երեխայի ականջից, տնօրենը դարձյալ ասաց, որ դրանից ևս տեղյակ չէ։ «Դասատուն ասաց, որ ամեն դեպքում այդպիսի բան չի եղել, երեխան սխալ ինֆորմացիա է տվել, դրա համար ամեն ինչ պարզվել՝ գնացել է»,- նշեց Արմենուհի Գրիգորյանը։