Իրավապահ համակարգի Irakanum. am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ տևական ժամանակ է իրավապահների ուշադրության կենտրոնում է գտնվում մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Հովհաննիսյանը, ով հանդիսանում է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի մտերիմը։ Բայց մինչ այդ թեմային անցնելը ներկայացնենք թե ո՞վ է Հայկ Հովհաննիսյանը։
Մետրոպոլիտենն ունի տնօրենների խորհուրդ, որի նախագահը նշանակվում է Երևանի քաղաքապետի կողմից։
Հրաչյա Սարգսյանի թեթև ձեռքով տևական ժամանակ է Երևանի մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ է նշանակվել նրա մտերիմներից՝ Հայկ Հովհաննիսյանը։
Նա նախքան յուր պաշտոնին անցնելը մետրոպոլիտենի գնումների համակարգն աութսորս անող կազմակերպության՝ «Փրոմոուշն» ընկերության ղեկավարն էր։ «Փրոմոուշն» ընկերությունը վարձակալական հիմունքներով գտնվում է Երևանի մետրոպոլիտենի վարչական շենքի 8-րդ հարկում։
Գնումների համակարգն աութսորս անող կազմակերպության ղեկավարը քաղաքապետի կողմից նշանակվեց Երևանի մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ՝ ոչ մի պատկերացում չունենալով Երևան քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող ռազմավարական այդ վայրից։
Խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո նա իր յուրայիններին՝ «Փրոմոուշն» ընկերության աշխատակից Մարիային նշանակել է Երևանի մետրոպոլիտենի գնումների բաժնի պետ, իսկ մյուս աշխատակից Վարուժանին «Փրոմոուշն» ընկերության տնօրեն, ով զուգահեռ զբաղեցնում է նաև Երևանի մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահի օգնականի հաստիքը։
Հայկ Հովհաննիսյանի կինը՝ Իսկուհի Օսիպյանը սկզբում զբաղեցնում էր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի խորհրդականի պաշտոնը, իսկ հիմա, տևական ժամանակ է տիկին Օսիպյանը հանդիսանում է Երանի քաղաքապետարանի Գնումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը։
Հրաչյա Սարգսյանի կողմից հովանավորյալ այս ընտանիքը չի վրիպել նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ուշադրությունից։
Երևանի քաղաքապետարանի մեր աղբյուրներից տեղեկացանք , որ վերջին շրջանում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն», «Փարքինգ Սիթի Սերվիս», «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ների , «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի և «Փրոմոուշն» ՍՊԸ-ի կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումներ է հայտնաբերել, որի մասով արդեն կա նաև վարույթ։
Irakanum. am
Հ․ Գ․
Հարգելի ընթերցողներ ինչպես արդեն տեղեկացրել էինք մեր այս հրապարակումից հետո Հայկ Հովհաննիսյանը դիմել էր դատարան։ Ավելի ուշ մեր ներկայացուցիչները հաշտության քննարկումներ են ունեցել, ինչի արդյունքում Հայկ Հովհաննիսյանի վերաբերյալ հրապարակված այս հոդվածը վերախմբագրվել է, իսկ վերջինս մեր դեմ ներկայացրած հայցից հրաժարվել է։