Ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրների շրջանում պարտքի մակարդակը 2021 թվականին կտրուկ աճել է, ընդ որում Չինաստանին բաժին է ընկնում երկկողմ պաշտոնական վարկատուների 66 տոկոս վարկավորումը, ասել է Համաշխարհային բանկի նախագահ Դեւիդ Մալփասը` ընդգծելով ավելի աղքատ երկրների պարտքի կրճատման անհրաժեշտությունը:
Համաշխարհային պարտքի վիճակագրության վերաբերյալ Համաշխարհային բանկի տարեկան զեկույցը, որը պետք է հրապարակվի հաջորդ ամիս, պարզ հասկացնում է, որ մասնավոր հատվածի վարկատուները նույնպես պետք է մասնակցեն պարտքի կրճատմանը, ասել է Մալփասը Reuters-ին տված հարցազրույցում:
20 խոշորագույն տնտեսությունների խումբը եւ Պաշտոնական վարկատուների փարիզյան ակումբը 2020 թվականի վերջին ստեղծել են պարտքերի կարգավորման ընդհանուր հիմք, որպեսզի օգնեն երկրներին դիմակայել COVID-19 համավարակի հետեւանքներին, սակայն դրա իրականացումը կանգ է առնում:
Չադի վարկատուները այդ մեխանիզմի շրջանակներում այս շաբաթ առաջին գործարքն են կնքել, բայց դա կասկածի տակ է դնում երկրի երկարաժամկետ պարտքի կայունությունը, քանի որ այն չի ներառում պարտքի փաստացի կրճատումը, նախազգուշացրել է Մալփասը:
Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը եւ արեւմտյան պաշտոնյաներն ավելի ու ավելի բարձր են արտահայտում իրենց դժգոհությունը Չինաստանի նկատմամբ, որն այժմ աշխարհի ամենամեծ պաշտոնական երկկողմ վարկատուն է:
Հունիսին Համաշխարհային բանկի հրապարակած նախնական տվյալները ցույց են տվել, որ ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրների արտաքին պարտքի ծավալը 2021 թվականին աճել է միջինը 6,9 տոկոսով՝ հասնելով 9,3 տրիլիոն դոլարի, որը գերազանցում է 2020 թվականին գրանցված 5,3 տոկոս աճը։
Մալփասը նշել է, որ միջազգային պարտքի վիճակագրության վերաբերյալ բանկի առաջիկա զեկույցը մտահոգիչ է, սակայն կոնկրետ թվեր չի ներկայացրել: «Սա ցույց է տալիս, որ պարտքի չափը զգալիորեն աճել է… եւ Չինաստանին պարտքի գումարը կազմում է պաշտոնական երկկողմ վարկատուների ընդհանուր գումարի մոտ 66 տոկոսը»,- ասել է նա՝ հավելելով, որ չինական կազմակերպությունները նաեւ խոշոր առեւտրային վարկատուներ են։ «Զեկույցում հստակ ասվում է, որ պարտքի կրճատումը պետք է ընդգրկի մասնավոր հատվածը եւ Չինաստանը»,- ասել է Մալփասը՝ հավելելով, որ պարտքի ընդհանուր հարցը մեծ թեմա կդառնա G20-ի առաջնորդների առաջիկա հանդիպման ժամանակ: «Խնդրի լրջությունը կճանաչվի»,- նշել է Մալփասը՝ հայտարարելով, որ պարտքի անհապաղ սառեցման իր կոչը «լավ չի ընդունվել»:
Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն ասում են, որ ձեւավորվող շուկաների եւ զարգացող երկրների 25 տոկոսը գտնվում է պարտքային ճգնաժամի մեջ կամ մոտ է դրան, իսկ ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում այդ ցուցանիշը հասնում է 60 տոկոսի: Կլիմայական ցնցումները, տոկոսադրույքների աճը եւ գնաճը ավելացրել են ճնշումը տնտեսության վրա, որը դեռեւս վերականգնվում է COVID-ից:
Մալփասի խոսքով՝ Չինաստանը մինչ այժմ դժկամ խաղացող է եղել դանդաղ զարգացող գործընթացում: «Նրանք հիմնականում դիտորդներ են»,- ասել է նա։