Սպառողական գների համաշխարհային աճը կարող է մոտ լինել ընթացիկ ցիկլի ամենաբարձր կետին, հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան, հայտնում է Bloomberg-ը։
«Ես չեմ պատրաստվում տվյալներից առաջ ընկնել, բայց հնարավոր է, որ մենք հասել ենք գագաթնակետին (գնաճի)»,- ասել է Գեորգիեւան։ «Այժմ մենք տեսնում ենք, որ կենտրոնական բանկերը միասնական են գնաճի դեմ պայքարում՝ որպես առաջնահերթություն, եւ դա ճիշտ է: Եթե մենք հաջողության չհասնենք, ապա աճի հիմքը, որը գների կայունությունն է, կխարխլվի»։
Նրա խոսքով՝ պաշտոնյաները դեռ կպայքարեն սպառողական գների աճն ավելի ընդունելի տեմպերի հասցնելու համար: «Ավելի դժվար կլինի գնաճն իջեցնել մինչեւ 2 տոկոս ցանկալի մակարդակի»,- ասել է նա։ «Եթե մենք տեսնենք մատակարարման շղթաների դիվերսիֆիկացում, դա անխուսափելիորեն որոշակի աճող ճնշում կգործադրի գների վրա»: