«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես երևում է, այս կառավարության որոշ նախարարների նույնիսկ իշխանության ներսում են դժվար հանդուրժում: Օրինակ` քպական պատգամավորներից մեկը էկոնոմիկայի նախարարի մասին ասել էր, թե իրեն «հաճելի չէ այս կարգի նախարարի հետ»: Սոցցանցերում օգտատերերը ակտիվորեն արձագանքել էին այս «բանավեճին»՝ մասնավորաբար նշելով՝ «բա մեր ջանը քարի՞ց է», կամ՝ «բա մեզ ինչքան հաճելի չէ ձեր ողջ իշխանության հետ», և այլն:
Այդուամենայնիվ, նախարար Վահան Քերոբյանը հասցրել էր մի քանի նոր միտք ավելացնել «փողոցներում խցանումները տնտեսական աճի վկայություն են» կարգի «գլուխգործոցներին»: Օրինակ՝ նա ասել էր, որ «եթե բարձր տնտեսական աճ կա, աղքատությունը պետք է մեծանա», կամ՝ «միջին քաղաքացին 14,1 տոկոսով ավելի լավ է ապրում... բայց ես չեմ ժխտում, որ տարվա վերջում մենք կարող է տեսնենք աղքատության ավելի բարձր ցուցանիշ», և այլն:
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը նշում է, թե այս իշխանության պաշտոնյաները պարզապես հակված են հասարակությանը շպրտել կեղծ, սուտ խոսքեր: «Աղքատության պաշտոնական ցուցանիշը գերազանցում է 40 տոկոսը, դա պաշտոնական թիվն է: Իսկ իրականում մարդկանց ճնշող հատվածը, մեծ մասն աղքատ վիճակում է, նման պարագայում աճի մասին խոսելը անհամեստության և գործից անտեղյակության հետևանք է: