Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի ու Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի նախաձեռնությամբ և ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանի մասնակցությամբ՝ Օպերատիվ շտաբում տեղի է ունեցել հերթական հանդիպումը՝ բռնազավթված համայնքների ղեկավարների, Շտաբում այդ պահին տարբեր հարցերով ներկա գտնվող տեղահանված քաղաքացիների հետ։
Այս մասին տեղեկացրել են ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբից:
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են քառասունչորսօրյա պատերազմում զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքներին հիփոթեքային վարկավորման պետական աջակցության ծրագրի միջոցով բնակարան ձեռք բերելու համար սերտիֆիկատների տրամադրման, տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով 40 հազար դրամական աջակցության տրամադրման գործընթացները, դրանց շարունակականության և դրանց վերաբերյալ առաջացած ընթացիկ հարցերը։
Առանձին անդրադարձ է եղել Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված (խոսքը վերաբերվում է նախկին վերաբնակիչներին) ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի միջոցով սերտիֆիկատների տրամադրմանը, որի տրամադրումը մեկնարկել է մեկ շաբաթ առաջ: Հատուկ ուշադրության կենտրոնում էր նաև առանձին շրջաններից տեղահանված և զոհված ընտանիքներին բնակարան ձեռք բերելու համար տրամադրվելիք սերտիֆիկատների հարցը, որի լուծումն ակնկալվում է առաջիկայում:
«Նմանատիպ հանդիպում-քննարկումներին համայնքապետերին ներգրավելն ունի ազգաբնակչության ամենալայն խավերին իրականացվող աշխատանքներին, կայացվող որոշումներին և այլ կարևոր տեղեկատվությանը հաղորդակից դարձնելու նպատակ: Ազգաբնակչության սպասարկումն ավելի արդյունավետ և օպերատիվ դարձնելու համար անհրաժեշտ է սերտացնել կապն ու համագործակցությունը իշխանության բոլոր օղակների հետ»,- իր խոսքում նշել է Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը։
Հանդիպման ավարտին քաղաքացիների հարցադրումներին տրվել են որոշմամբ սահմանված հիմնավոր և հստակ պատասխաններ․ հրատապ հարցերի մասով կկազմակերպեն հավելյալ քննարկումներ։