Հունաստանի զինված ուժերն ունեն բավարար զսպող ուժ՝ Թուրքիայի ցանկացած սադրանքին արդյունավետ արձագանքելու համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Իոանիս Իկոնոմուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հարցին, թե արդյոք Հունաստանին անհանգստացնում է Թուրքիայի կողմից բալիստիկ հրթիռների մշակումը, ինչպես նաեւ Թուրքիայում միջուկային հավակնությունների եւ միջուկային մարտագլխիկների մշակման վերաբերյալ հարեւան երկրում տարբեր լրատվամիջոցների հրապարակումները, նա պատասխանել է, որ Հունաստանի ԶՈՒՆ հոգացել է իր զսպող ուժի մեծացման համար։ «Մեր տարածաշրջանի աշխարհառազմավարական եւ աշխարհաքաղաքական իրականության մեջ այն աճել է մի քանի մակարդակով։ Հունաստանը ինքնավստահ պետություն է՝ ուժեղ դաշնակիցներով, միջազգային իրավունքով, որն իր կողմից է, բավարար զսպող ուժով, որպեսզի կարողանա արդյունավետ կերպով, առանց անհանգստության, վախի եւ խուճապի դիմակայել ցանկացած սադրանքի, ցանկացած մարտահրավերի»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 21-ին հաստատել է Թուրքիայում նոր Typhoon բալիստիկ հրթիռի առկայությունը, որը գաղտնի փորձարկվել է հոկտեմբերի 18-ին՝ Սեւ ծովի ափին։ Հրթիռը 458 վայրկյանում հաջողությամբ խոցել է 561 կմ հեռավորությամբ թիրախը։
Սեպտեմբերի 6-ին Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը հիշեցրել է թուրքական պնդումները, թե Էգեյան ծովի կղզիները «գրավված են հույների կողմից», եւ «իրենք [թուրքերը] կարող են գիշերը հանկարծ գալ ու ներխուժել այդ կղզիներ»: Դենդիասի խոսքով՝ Էգեյան ծովի հունական կղզիների հակառակ կողմում՝ թուրքական կողմում, տեղակայվել են «Եվրոպայի ամենամեծ դեսանտային նավատորմը եւ ամբողջ թուրքական բանակը»։ Արտգործնախարարն ընդգծել է, որ Հունաստանը բավականաչափ ուժ ունի իր տարածքային ամբողջականությունը թուրքական սպառնալիքներից պաշտպանելու համար։