Մոսկվան առայժմ անհնար է համարում ռուսական գազի մատակարարումը Եվրոպա Ուկրաինայի տարածքով, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Առայժմ դժվար թե կարելի է խոսել այդ մասին։ Ըստ էության, տեղում ստեղծված իրավիճակն ավելի քան խոսուն կերպով վկայում է, որ այս պահին նման ծրագրերի իրականացումն անհնար է։ Իսկ թե ինչ կլինի ապագայում, կտեսնենք», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան ապագայում չի բացառում Ուկրաինայի տարածքով դեպի ԵՄ ռուսական գազի մատակարարումների վերսկսման հնարավորությունը։
Նա հավելել է, որ հետագայում դա կախված կլինի գնորդների ու վաճառողների ցանկությունից և վաճառողների հնարավորությունից:
Ավելի վաղ The Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրների, հայտնել էր, թե ԱՄՆ-ն առաջ է մղում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի արտահանման արագ վերականգնման գաղափարը՝ որպես հնարավոր էներգետիկ հրադադարի մաս: Ըստ պարբերականի աղբյուրների՝ այս նախաձեռնությունը սեպտեմբերին Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում ներկայացրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։
Պեսկովը նաև հայտարարել է, որ առաջնագծում գտնվող Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի միջնորդությամբ հաստատված հրադադարի օրինակով նոր հումանիտար գործողություններ առայժմ չեն նախատեսվում:
«Յուրաքանչյուր կոնկրետ դեպք եզակի է: Առայժմ նման պլաններ չկան, նման նախաձեռնություններ նույնպես չկան», – ասել է ՌԴ նախագահի ներկայացուցիչը:
Պեսկովը հավելել է, որ Օլեշկիում հրադադարն ուկրաինական բանակը կարող էր օգտագործել վերախմբավորվելու համար, ինչը նման իրավիճակներում «սովորական գործելակերպ է»:
ՌԴ մարդու իրավունքների հարցով նահձնակատար Յանա Լանտրատովան հայտարարել է, որ ռուս-ուկրաինական տարհանման համատեղ հումանիտար առաքելության արդյունքում Օլեշկիից հեռացել է մոտ 750 մարդ: Նրանց մի մասը մեկնել է Ռուսաստան, մի մասն՝ Ուկրաինա: