Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր՝ նոյեմբերի 2-ին, Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցահարթակ դուրս եկավ Մարտին Պողոսյանը (85 կգ)։ Այս մասին գրում է armsport.am-ը։
Հայ ծանրորդը հանդես եկավ C խմբում և միջանկյալ հաշվարկում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։
Պոկում վարժությունում երիտասարդ մարզիկը հաջողությամբ կատարեց միայն մեկ մոտեցում՝ բարձրացնելով 147 կգ և միջանկյալ արդյունքով դառնալով հինգերորդը։ Հրում վարժությունում Պողոսյանը շատ ավելի վստահ հանդես եկավ: Երկրորդ փորձից նա գլխավերևում պահեց 185 կգ, իսկ այնուհետև հաջողությամբ հաղթահարեց նաև 190 կգ կշռող ծանրաձողը՝ այս վարժությունում գրանցելով լավագույն միջանկյալ արդյունքը։
Երկամարտի 337 կգ արդյունքով Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով միայն Ռուսաստանը ներկայացնող հայազգի Գևորգ Սերոբյանին, որի արդյունքը երկամարտում 347 կգ է։