Դատաիրավական համակարգի առողջացման համար անձերի փոփոխություն է պետք. շատ դատավորներ կան, որոնք այս տարիների ընթացքում դատական համակարգի նկատմամբ լուրջ անվստահություն են ձևավորել: Այս կարծիքը հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը մայիսի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Դատաիրավական համակարգի բարեփոխումների պահանջ. իրավապաշտպանների առաջարկները» թեմայով քննարկման ժամանակ:
Ըստ իրավապաշտպանի` այսօր հիմնական խնդիր է շարունակում մնալ քաղաքական բանտարկյալների անազատության մեջ գտնվելը:
«Ոչ միայն մարդու իրավունքների տեսանկյունից է խախտում, որ կան քաղբանատարկյալներ, այլև հասարակության առողջացման համար է պետք նրանց ազատ արձակելը, դրանով վստահություն կառաջանա դեպի դատարանները»,-ասում է Ռևազյանը և հավելում, որ դատավորները իրենք պետք է հասկանան, որ ժամ առաջ պետք է արդարությունը վերականգնեն:
Ռևազյանը շեշտում է, որ անձերի փոփոխությունից բացի օրենսդրական դաշտի փոփոխություններ են հարկավոր, մասնավորապես «Դատական օրենսգրքի» փոփոխություն, որպեսզի դատավորի անկախությունը ավելի բարձրացվի:
Քննարկման մյուս մասնակից, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավաբան-փորձագետ Հասմիկ Հարությունյանն ասում է, որ դատական իշխանության հետ կապված հիմնական խնդիրը մշտապես եղել է դատական իշխանության անկախության հարցը:
««Դատական օրենսգրքի» այն փոփոխությունները, որ առաջ քաշվեցին և այսօր ունենք արդեն փոփոխված, գործող «Դատական օրենսգիրք», ցույց չեն տալիս այն երաշխիքները, որ լուրջ քայլեր են ձեռնարկվում ավելի անկախ դատական իշխանություն ունենալու համար»,-ասում է Հարությունյանը:
Նա անդրադարձավ նաև Բարձրագույն դատական խորհրդի կազմի ձևավորմանը, անդամներին, լիազորություններին և գործունեության ընթացակարգերին:
«Տեսանելի է, որ խորհուրդը օժտված է որոշակի վարչարարությամբ, ինչը նրա գործունեության վրա կարող է բացասաբար անդրադառնալ»,-ասում է Հարությունյանը: