00:00:00

Չավուշօղլուն բողոքել է, որ ԵԱՀԿ-ն, առաքելություն ուղարկելով, «անտեսում է» Ադրբեջանին և «աջակցում» Հայաստանին

09:59, 21 հոկտեմբեր 2022 Աշխարհ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն քննադատել է ԵԱՀԿ-ի որոշումը՝ Հայաստան կարիքները գնահատող առաքելություն ուղարկելու վերաբերյալ։ Ուրբաթ ելույթ ունենալով Մերսին նահանգում՝ թուրքական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ ԵԱՀԿ-ն «անլուծելի խնդիրների կենտրոն է դարձել» (չակերտները՝ Tert.am), իսկ Հայաստանի վերաբերյալ վերջին որոշումը «հակասում է» (չակերտները՝ Tert.am) հենց կազմակերպության պահանջներին ու մանդատին, գրում է «Անադոլու»-ն։

«Սեփական դիրքորոշումը պարտադրելու փորձը և ստատուս քվոյի ձևավորումն անընդունելի է»,- ընդգծել է Չավուշօղլուն:

Թուրք նախարարը հիշեցրել է հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ ԵԱՀԿ երկարամյա «ձախողված» (չակերտները՝ Tert.am) միջնորդական ջանքերը։

«Տարիներ շարունակ նրանք պարզապես ձգձգել են գործընթացը: Իսկ այսօր առաքելություն կամ դիտորդներ ուղարկելիս փորձում են անտեսել Ադրբեջանի դիրքորոշումը։ Հայաստանին աջակցելու ցանկություն կա»,- ընդգծել է Չավուշօղլուն։

Նա բողոքել է, որ ԵՄ-ում էլ «առանձնապես անկեղծություն չկա»:

Միաժամանակ Չավուշօղլուն նշել է, որ Բաքվի և Երևանի միջև երկխոսության ցանկացած դրական զարգացում դրական է ազդում Թուրքիայի և Հայաստանի միջև բանակցությունների վրա։

«Ի վերջո, ամենաշատը կշահի հենց Եվրոպան»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության հրավերով ԵԱՀԿ-ն հոկտեմբերի 21-27-ը կարիքների գնահատման խումբ կուղարկի Հայաստան։ Այցի նպատակն է՝ գնահատել իրավիճակը սահմանամերձ որոշ շրջաններում՝ ԵԱՀԿ մանդատի հիման վրա և փորձաքննություն իրականացնել՝ անվտանգության համապարփակ հայեցակարգի շրջանակներում։

«Միջազգային փորձագետներից և ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից կազմված տեխնիկական թիմը կայցելի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տարածքներ և խորհրդակցություններ կանցկացնի համապատասխան ազգային և տեղական շահագրգիռ կողմերի, ինչպես նաև տեղում միջազգային գործընկերների հետ»,-ասված է ԵԱՀԿ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Հայաստանում էր ԵՄ քաղաքացիական առաքելության տեխնիկական խումբը՝ նախապատրաստելու առաքելության ժամանումը հոկտեմբերի վերջին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր