Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր տրանսպորտային եւ լոգիստիկ միջանցքները, ինչի համար արդեն իսկ սահմանվել են երեք առաջնահերթ ուղղություններ։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, գրում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ ներկա փուլում կարեւորագույն նպատակներից է լոգիստիկայի վերաֆորմատավորումը։ «Վստահելի գործընկերների հետ միասին մենք աշխատում ենք տրանսպորտային եւ լոգիստիկ միջանցքների ընդլայնման ուղղությամբ: Կառավարությունն առանձնացրել է ենթակառուցվածքների զարգացման երեք հիմնական ոլորտներ՝ Ազով-Սեւ ծով, Արեւելյան եւ Կասպից ծով: Դրանք հիմք են հանդիսանում առեւտրատնտեսական կապերի ընդլայնման համար»,-ասել է նա։
Միշուստինի խոսքով՝ դաշնային եւ տարածաշրջանային իշխանությունները բիզնեսների հետ միասին այժմ փորձարկում են լուծումներ, որոնք հնարավորություն կտան արագացնել ապրանքների վերամշակումը։ Միեւնույն ժամանակ, Իրան, Մերձավոր Արեւելք եւ Հարավային Ասիա առաքումների համար աշխատանքներ են տարվում Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի արեւմտյան երթուղու զարգացման ուղղությամբ, որտեղ նախատեսվում է տարեկան բեռնաշրջանառությունը հասցնել մինչեւ 15 միլիոն տոննայի։