Հոկտեմբերի 20-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Արևելյան Եվրոպայում բրիտանական պաշտպանական բաժանմունքի ղեկավար, ավիացիայի կոմանդոր (գեներալ) Փիթ Քրաքֆորդի ղեկավարած պատվիրակության հետ:
Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Նորին Մեծություն Թագուհու դեսպան պարոն Ջոն Գալագերը:
ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ երկկողմ համագործակցության համար առկա են լայն հնարավորություններ:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, ինչի շրջանակներում Գրիգորյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զորքերի կողմից սանձազերծված ագրեսիան և դրա հետևանքները:
Քարտուղարը նաև ընդգծել է Հայաստանի նպատակադրվածությունը տարածաշրջանում հասնելու կայուն անվտանգային միջավայրի ձևավորմանը:
Զրուցակիցները քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության հեռանկարները և ուղիները: