Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացրել է Արցախում կատարված բարդ ու եզակի վիրահատության մասին:
«2022թ սեպտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության Հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել 2002թ ծնված Տիգրան Վլադիմիրի Մուսայելյանը ամպուտացված վերին վերջույթով: Բարեբախտաբար, իր հետ բժշկական կենտրոն էր բերվել հաստոցով աշխատելու հետևանքով ամպուտացված վերջույթը:
Շտապ կարգով միկրովիրաբույժ Իգոր Զաքարյանի և օրթոպեդ վնասվածքաբանների գլխավորությամբ կարևոր որոշում է կայացվել վիրահատելու հիվանդին՝ գերխնդիր համարելով երիտասարդին վերադարձնելու առանց թերությունների ապրելու իրավունքը:
Դժվար էր ինչպես վիրահատության ընթացքը, այնպես էլ հետվիրահատական շրջանը: Բայց ռեանիմատոլոգների, վիրաբույժների, բժշկական մեծ թիմի շնորհիվ հնարավոր եղավ պահպանել հիվանդի կյանքն ու վերականգնել նրա ձեռքը։
Ու մենք այսօր մեծ հպարտությամբ հայտնում ենք որ Տիգրան Մուսայելյանը դուրս է գրվել բժշկական կենտրոնից, նա անցնելու է հետագա վերականգնողական բուժում»: