ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները հանդես են եկել հայտարարությամբ, որով Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դուրս բերել ուժերը Հայաստանի օկուպացված տարածքներից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին.
«Մենք անհանգստացած ենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից ենթադրյալ ռազմական հանցագործությունների կամ անմարդկային վերաբերմունքի մասին բազմաթիվ հաղորդումներով», - ասել են համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը և Բորիանա Աբերգը:
«Ադրբեջանի զինվորական դատախազությունը որոշել է հետաքննել փաստերը և հույս ունենք, որ այդ հետաքննությունները կլինեն հրապարակային և թափանցիկ։ Մինչ երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են ռազմական գործողությունների վերսկսման համար, ադրբեջանական զինուժը օկուպացնում է Հայաստանի տարածքը՝ խախտելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ԵԽ կանոնադրությամբ հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու Ադրբեջանի պարտավորությունը»,- հավելել են համազեկուցողները։
«Ուստի մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ հետ քաշվել Հայաստանի տարածքի բոլոր հատվածներից և ազատ արձակել իրենց վերահսկողության տակ գտնվող ռազմագերիներին։ Միայն դիվանագիտական միջոցները արդար և տևական պատասխան կտան հակամարտությանը, որը օգուտ կբերի երկու պետությունների բնակչությանը»,- եզրափակել են նրանք։