Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 13-ի նիստում որոշեց 2022-ի պետական բյուջեի միջոցների հաշվին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին հատկացնել 761,6 մլն ՀՀ դրամ, որից Կոմիտեի «Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում և քննություն» միջոցառման իրականացման համար 750,4 մլն դրամ, «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի պահուստային ֆոնդ» միջոցառման իրականացման համար 11,2 մլն դրամ
Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Սահմանվել է՝ Հակակոռուպցիոն կոմիտեի չափաքանակները կրճատել ՀՀ հատուկ քննչական ծառայության համար նախատեսված ծավալի հետ համադրելի չափով՝ պայմանով, որ տարվա ընթացքում ըստ անհրաժեշտության կքննարկվի անհրաժեշտ ֆինանսավորման հարցը: Միաժամանակ, 2022 թվականի բյուջեի մասին օրենքով առաջնահերթությունների կարգով, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության համար նախատեսվել է 1 269,4 մլն դրամ:
Պայմանավորված մրցույթների արդյունքում հաստիքների համալրմամբ, ինչպես նաև մինչև տարեվերջ Կոմիտեի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով՝ աշխատանքի վարձատրության, էներգետիկ, կոմունալ, արտագերատեսչական, ներքին գործուղումների, վարչական, կառավարչական, մեքենաների և սարքավորումների նորոգման, տրանսպորտային նյութերի և այլ ծախսերի համար անհրաժեշտություն է առաջացել պետական բյուջեի միջոցներից հատկացումներ կատարել Կոմիտեին՝ ըստ համապատասխան ծախսերի: