Հոկտեմբերի 14–ին ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա ասմունքող Մանուշակ Շիրինյանի «Պոեզիայի արահետներով» խորագիրը կրող գրական-երաժշտական երեկոն, որի ընթացքում սիրված արվեստագետը հանդիսատեսին կներկայացնի պոեզիայի պատառիկներ ինչպես հայ դասականների, այնպես էլ ժամանակակից գրողների ստեղծագործություններից` բեմից լսելի դարձնելով Հովհ. Շիրազի, Հ Սահյանի, Մետաքսեի, Էսթեր Դավիթյանի, Պավլիկ Մանուկյանի, Ռազմիկ Դավոյանի, Լիլիթ Աղասյանի սիրային, խոհական, մայրական, հայրենասիրական թեմատիկայով հանդիսատեսին ծանոթ և ոչ այնքան հայտնի գործերը:
-Հայ մեծերին ճանաչելի դարձնելու անհագ ցանկությունս էր, որ դիմեցի Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետ, դարձա ասմունքող, իսկ 2010 թվականին «Հուշերի արահետներով» գրքի լույսընծայմամբ ներկայացրեցի 60 հայ և համաշխարհային մեծությունների մասին հետաքրքիր պատմություններ, գեղեցիկ հուշեր: Գիրքը սիրվեց ընթերցողի կողմից, գրախոսվեց, եղան բազմաթիվ արձագանքներ ինչպես հանրապետական, այնպես էլ արտերկրյա մամուլում,-ասաց Մանուշակ Շիրինյանը:
Այն տեսակետի վերաբերյալ, թե ասմունքը հնանում է, Մանուշակ Շիրինյանն ասաց.
-Իմ կարծիքով մոտեցումն է հնանում, կրկնվող ձևաչափն է հնանում, ասմունքարվեստը չի հնանում…