00:00:00

Ֆրանսիայի Սենատում կոչ են արել քննարկել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական գրասենյակ ստեղծելու հարցը

17:48, 10 հոկտեմբեր 2022 Լեռնային Ղարաբաղ

Ֆրանսիայի Սենատում ներկայացվել է բանաձևի նախագիծ՝ ուղղված երկրի կառավարությանը: Դրանում կոչ է արվել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և պահանջել նրա ուժերի անհապաղ դուրս բերումը Հայաստանի տարածքից, կիրառել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի պայմանագիրը և նպաստել երկու երկրների միջև կայուն խաղաղության հաստատմանը միտված ցանկացած նախաձեռնության:

Նշվում է, որ, ըստ բանաձևի նախագծի, Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի հարավային և հարավ-արևելյան շրջաններում ադրբեջանական զինուժի կրկնվող ագրեսիան հանդիսանում է այս պետության ինքնիշխանության և երկու կողմերի միջև կնքված զինադադարի համաձայնագրերի խախտում:

Սենատը, նկատի ունենալով 2020 թվականի նոյեմբերի 25-ին Սենատի կողմից ընդունված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին թիվ 26 (2020-2021) բանաձևը,
Եվրոպայի խորհրդի ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի և ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի զեկույցների վկայությունն առ այն, որ Ադրբեջանում հայ բնակչության ազատ ապրելն անհնարին է, նկատի ունենալով, որ Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչության անվտանգությունն ու ազատությունը երաշխավորված չեն Ադրբեջանի Հանրապետության կողմից, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը տեղի է ունենում հատկապես անկայուն տարածաշրջանում, որը մոտ է Եվրամիությանը, և պարունակում է տարածաշրջանային տերությունների ներգրավմամբ սրման վտանգ, կոչ է արել հարգել ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անհապաղ և անվերապահ ազատ արձակել և հայրենադարձել բոլոր հայ ռազմագերիներին:

Բանաձևի նախագծի հեղինակները դատապարտել են Ադրբեջանի կողմից 1969 թվականի հունվարի 4-ի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումները և կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին հարգել հայ բնակչության անվտանգության և նրանց իրավունքների ապահովմանն ուղղված միջազգային պայմանագրերն ու կոնվենցիաները։ 

Դրանում կոչ է արվել կառավարությանը հաշվի առնել այս նոր հարձակումների բոլոր դիվանագիտական և տնտեսական հետևանքները և իր եվրոպացի գործընկերների հետ դիտարկել ամենաուժեղ համապատասխան պատասխանները՝ ներառյալ Ադրբեջանի ղեկավարների ունեցվածքի բռնագրավումը և գազի և նավթի ներմուծման էմբարգոն: 

Բանաձևի հեղինակները կառավարությանը կոչ են արել քննարկել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական գրասենյակ ստեղծելու հարցը, բոլոր միջոցներով ցուցաբերել Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին, մասնավորապես՝ դիտարկելով Հայաստանի պաշտպանունակության հզորացումը՝ նրա տարածքային ամբողջականության ապահովման նպատակով:

Բացի այդ, Ֆրանսիայի կառավարությանը կոչ է արվել անհապաղ ձեռնարկել որևէ նախաձեռնություն՝ երաշխավորելու հայ բնակչության և Հայաստանի անվտանգությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, և այդ նպատակով խնդրել միջազգային հանրության հովանու ներքո միջակայքային ուժեր տեղակայել

Բանաձևը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու և այդ ճանաչումը բանակցությունների գործիք դարձնելու անհրաժեշտությունը՝ տևական խաղաղություն հաստատելու նպատակով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր