00:00:00

Արայիկ Հարությունյանը պետք է ասի՝ իրո՞ք տեղյակ է բանակցային գործընթացից, ինչպես հայտարարեց Փաշինյանը, թե՝ ոչ. ցուցարար

23:24, 08 հոկտեմբեր 2022 Լեռնային Ղարաբաղ

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում հավաքված քաղաքացիները ցանկանում են հանդիպել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, որպեսզի նրանից պահանջեն իր հստակ դիրքորոշումը Պրահայի քառակողմ հանդիպման հայտարարության եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունների վերաբերյալ:

«Մենք Արայիկ Հարությունյանից ոչ մի դրական ակնկալիք չունենք 2020 թվականից առայսօր, որովհետեւ նա Նիկոլ Փաշինյանի կամակատարն է Արցախում: Բայց միեւնույն է, ինքը պետք է խոսի ժողովրդի հետ, ասի՝ Ադրբեջանը ցանկանում է խուճապ տարածել, թե իրոք, իրականություն է: Երկու դեպքում էլ համարձակություն եւ տղամարդկություն է պետք, որոնք կարծում եմ՝ Արայիկ Հարությունյանը չունի: Մենք մեր մասին առավել շատ բան իմանում ենք Ադրբեջանի իշխանությունից, քան մեր սեփական, կարծես իրենք չեն Արցախի ղեկավարությունը, կարծես օտար երկրի մասին է ամեն ինչ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից Մարատ Ստեփանյանը:

Ակիցայի մասնակիցը նկատեց, որ նման ակցիաների դեպքում, ինչպես եւ այսօր է, ակցիայի մասնակիցների հետ հանդիպման է գալիս ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Ակցիայի մեկ այլ մասնակից՝ Վահե Հարությունյանը նշում է՝ Արայիկ Հարությունյանը, ի վերջո, պետք է ասի՝ ինքն իրո՞ք տեղյակ է բանակցային գործընթացի ամբողջ մանրամասներից, ինչպես իր վերջին հարցազրույցում հայտարարեց վարչապետ Փաշինյանը, թե՝ ոչ:

«Ճիշտ է՝ վերջերս տեսաուղերձ հղեց Արայիկ Հարությունյանը, սակայն, ըստ էության, այդտեղ չկար մեր հարցերի պատասխանները: Մենք ուզում ենք իմանալ՝ որտեղ է մեզ գլորում Հայաստանի իշխանությունը, ինչ է սպասվում մեզ: Տարածքային ամբողջականության ճանաչումն առանց Արցախի մասին խոսելու հենց նշանակում է, որ Արցախը ճանաչում ենք այդ տարածքային ամբողջականության մեջ: Այլ անուն որեւէ տեսանկյունից չենք կարող տալ: Վտանգի տակ է Արցախում գտնվող յուրաքանչյուր քաղաքացու կյանք՝ մինչդեռ մենք ուղղակի ուզում ենք խաղաղ ապրել, ինչպես յուրաքանչյուր սովորական մարդ երկրագնդի վրա»,- նշեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր