Շիրակի փոխմարզպետ Ալբերտ Այվազյանը շարունակում է պաշտոնավարել օրենքի խախտամբ։ Այսպես՝ Այվազյանը այս տարվա տարեսկզբին է նշանակվել Շիրակի փոխմարզպետի պաշտոնում։ Այվազյանը շուրջ երեք տասնյամյակ եղել է Շիրակի մարզի Առափի համայնքի ղեկավարը։
Մինչ փոխմարզպետ նշանակվելը Ալբերտ Այվազյանը 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում գլխավորում էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը՝ Ախուրյան խոշորացված համայնքում։ ՔՊ-ն այս համայքնում մեծամասնություն չունեցավ և Ախուրյանի համայնքապետ ընտրվեց Արծրուն Իգիթյանը։ Սակայն ուշագրավն այն է, որ այս հանգամանքից հետո Այվազյանը պահպանեց ավագանու իր մանդատն ու մեկ ամիս անց նշանակվեց Շիրակի փոխմարզպետ։
Ալբերտ Այվազյանը «Հանրային ծառայության մասին» օրենքի խախտումով է շարունակում պաշտոնավարել։ Սա արձանագրել էր նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Մասնավորապես ըստ հանձնաժողովի Այվազյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով հանրային պաշտոն զբաղեցնող անձի համար սահմանված անհամատեղելիության պահանջները։
Տեղեկացնենք, որ Ալբերտ Այվազյանը նաև Ախուրյան խոշորացված համայնքի ՔՊ ավագանու խմբակցության ղեկավարն է։ Վերջինս մամուլի հրապարակումների համաձայն ունի իշխանական վերնախավի «դաբրոն», ինչի արդյունքում էլ օրենքի խախտմամբ շարունակում է պաշտոնավարել փոխմարզպետի պաշտոնում։
Ի դեպ մեր տեղեկություններով իսկզբանե Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի և Ալբերտ Այվազյանի հարաբերությունները խիստ լարված են եղել․, Բաղդասարյանը դեմ է եղել նրա նշանակմանը, սակայն կենտրոնական իշխանությունը հաշվի չի առել թիմակցի տեսակետն ու Այվազյանին միաժամանակ երկու պաշտոն տվել։
Հավելենք, որ օրերս Aravot.am-ը գրել էր, որ Շիրակի փոխմարզպետ Ալբերտ Այվազյանը երթևեկում է սպիտակ գույնի «Լեքսուս PX 350» մեքենայով, որը պատկանում է Ախուրյան խոշորացված համայնքին։
Ըստ հրապարակման փոխմարզպետն այն օգտագործում է որպես ծառայողական՝ մարզպետարան աշխատանքի գնալով հենց այդ մեքենայով։
Ի դեպ տվյալ մեքենան պատկանում է խմբակցությանը, ոչ թե խմբակցության ղեկավար- փոխմարզպետին, բայց ինչպես ակնայտ է այս հանգամանքը Այվազյանին ու իշխանությանը չեն մտահոգում, իրենք մտածում են բացառապես սեփական շահերի ու այս դեպքում Այվազյանի ապագայի մասին։
Irakanum.am
Լուսանկարները՝ Aravot.am-ի