00:00:00

Քաղաքական ինտրիգներ. Էջմիածնի մշակույթի պալատի փորձառու տնօրենը Դիանա Գասպարյանի կամայականության զոհ է դարձել

13:53, 02 հոկտեմբեր 2022 Քաղաքականություն

Սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել Վաղարշապատ խոշորացված համայնքի հայտարարած մրցույթը՝ «Կոմիտասի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար:

Մրցույթում տնօրենի հավակնորդ էին հանդիսանում նախկին տնօրեն Ալվինա Համբարձումյանն ու նրա տեղակալ Հասմիկ Ադամյանը:

Հատկանշական է, որ Ալվինա Համբարձումյանն այդ պաշտոնում աշխատել է 7 տարի, աշխատանքից ավտոմատ կերպով ազատվել էր՝ ֆիզարձակուրդի ընթացքում (հղիության և ծննդաբերության արձակուրդ)՝ նախկին ՀՈԱԿ-ի լուծարման պատճառով, իսկ վերջինս լուծարվել էր համայնքի խոշորացման հիմքով:

Այժմ նա, ըստ կարգի, որոշել էր մասնակցել հայտարարված մրցույթին:

Հատկանշական է, որ Հասմիկ Ադամյանը չէր համապատասխանում մրցույթի թերևս ամենաէական պայմանին՝ չուներ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական ստաժ։ Բայց այս հանգամանքը հաշվի չառնվեց հանձնաժողովի կողմից։

Արդարության համար պետք է նշել, որ թե՛ Ալվինա Համբարձումյանը, թե՛ Հասմիկ Ադամյանը հավասար միավորներով հաղթահարել էին մրցույթի և՛ գրավոր, և՛ բանավոր փուլը։

Այս պարագայում, սահմանված հայցեկարգով, տնօրենին ընտրում է համայնքի ղեկավարը: Այս դեպքում՝ Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը:

Սակայն, դարձյալ նույն հայեցակարգից ելնելով, համայնքապետը պետք է առավելությունը տար այն թեկնածուին, ով ավել փորձ ու վաստակ ուներ մշակույթի բնագավառում:

Այս պարագայում, թերևս ակներև էր, որ տնօրենի պաշտոնում պետք է նշանակվեր նախկին տնօրեն Ալվինա Համբարձումյանը, քանի որ Հասմիկ Ադամյանը, առնվազն 7 տարվա փորձառու ու 3 մասնագիտական դիպլոմ ստացած մասնագետի համեմատ, տվյալ բնագավառում ունի ընդամենը 2 տարվա աշխատանքային փորձ՝ ժամանակավոր պաշտոնակատար եղած ժամանակաշրջանն էլ ներառված։ 

Ասել է թե, նա անգամ իրավունք չի ունեցել մասնակցելու մրցույթին:

Քաղաքապետը, ի պատասխան Ալվինա Համբարձումյանի բողոք-դիմումի, ընդունել է, որ Հասմիկ Ադամյանը չունի մասնագիտական ստաժ, բայց նշել է, որ նա երկար տարիներ դասավանդել է նաև անգլերեն ու պետք չէ «ուրանալ» նրա վաստակը:

Արդյունքում Հասմիկ Ադամյանը սեպտեմբերի 29-ին նշանակվել է տնօրենի պաշտոնում:

Թե ինչ կապ ունի անգլերենի դասավանդումը մշակույթի բնագավառում ունեցած աշխատանքային ստաժի հետ, թերևս միայն Դիանա Գասպարյանը կարող է հասկանալ, քանի որ սա մարդկային տրամաբանությունից շատ հեռու հասկացություն է:

Դիանա Գասպարյանի այս գործելաոճը նորություն չէ, այն թերևս տեղավորվում է հետևյալ տրամաբանության մեջ, որով վերջինս Սուրեն Պապիկյանի հետ հայտնի ու աղմկահարույց հեռախոսազրույցում Նիկոլ Փաշինյանին՝ փաստացի երկրի վարչապետին, ասել էր «ոչ ադեկվատ» և մարսել իր խոսքը:

Այստեղ հարց է առաջանում, թե ո՞վ է կանգնած Դիանա Գասպարյանի թիկունքում և «ումով է նա վեր-վեր թռնում», որ մարսում է անգամ վարչապետին ուղղված վիրավորանքը` լինելով նրա թիմի անդամ:

Մնում է միայն հավելել, որ Ալվինա Համբարձումյանը մտադիր չէ նստել ձեռքերը ծալած ու հանդուժել անարդար վերաբերմունքը: Նա վճռել է իրավական հարթության մեջ վիճարկել հարցն ու լուծում տալ դրան:

Իսկ մինչ այդ, Ալվինա Համբարձումյանն ուղերձով դիմել է նրանց, ովքեր հետամուտ են եղել Հասմիկ Ադամյանի նշանակմանը:

«Հավատացեք, էսքան չէի մանրանա, բայց Դուք ստիպեցիք՝ Ձեր քայլերով։ Ես ՍՏԻՊԵԼՈւ ԵՄ ձեզ այս պահից սկսած մտածել ձեր քայլերի իրավական հետևանքների շուրջ։ Դուք ամենակարող չեք, ամեն ինչը չի մարսվում։ Կա օրենք, որի առաջ բոլորդ պատասխան կտաք։ Սպասեք հաջորդող քայլերիս՝ իրավական տիրույթում։

Հ.գ- Ինձ համար ստորագություն տված մարդկանց (խմբավարներին) թե փորձեք նեղացնել, հավատացեք, իմ իրական դեմքը դեռ կտեսնեք»,-տեսագրությանը կից՝ գրել է Ալվինա Համբարձումյանը:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր