Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր թվիթերյան միկրոբլուգում գրել է, որ հայտնվել է եւս մեկ տեսանյութ, որում երեւոմ է, թե ինչպես են մահապատժի ենթարկում հայ ռազմագերիներին:
«Եթե ապացուցվի, որ այս տեսանյութը իրական է, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի եւ որի մեղավորները պետք է պատժվեն», - նշել է Տոյվո Կլաարը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել էր Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։
Միրզոյանը Տոյվո Կլաարին ներկայացրել էր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինուժի նախապես ծրագրված լայնածավալ ագրեսիայի արդյունքում սեպտեմբերի 13-ից ստեղծված իրավիճակը եւ ագրեսիան կասեցնելու ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերը։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից, ադրբեջանական զինուժը սահմանի արեւելյան ուղղությամբ սկսել էր ականանետերից եւ խոշոր տրամաչափի հրետանային զինատեսակներից գնդակոծել հայկական դիրքերը։ Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների.
Ավելի ուշ ՊՆ-ն հայտնել էր, որ ժամը 22:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին համեմատաբար կայունացել է։ Ադրբեջանական սադրանքի արդյունքում երեք հայ զինծառայող էր զոհվել։