Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) դիտարկում է իր առաքելությունը հայ-ադրբեջանական հակամարտության շրջան ուղարկելու հնարավորությունը։ Տեղեկությունը հայտնում է Լեհաստանի արտգործնախարարությունը։
«Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն (խմբ.` ԵԱՀԿ–ի ղեկավար) այսօր հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննի հետ։ Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները և այդ տարածաշրջան ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հնարավորությունը»,–ասված է ԱԳՆ-ի Twitter-յան գրառման մեջ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 28-ին, թվիթերյան իր էջում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին սադրանքին, նշել էր, որ ադրբեջանական զորքերի դուրսբերումը ՀՀ սուվերեն տարածքից և միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը Ադրբեջանի օկուպացրած հայկական սահմանամերձ տարածքներում բացարձակ անհրաժեշտություն են։