Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ուղերձ է հղել Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ:
«Ամբողջ աշխարհը հոկտեմբերի 1-ը տոնում է որպես Տարեցների միջազգային օր․ սա ևս մեկ հնարավորություն է՝ մեծարելու մեր ավագ սերնդին, ընդգծելու նրանց անփոխարինելի դերն ու արժեքը։
Սա հնարավորություն է նաև՝ խոսելու մեր առաջնային անելիքների մասին, որոնք ուղղված են նրանց համար մատչելի սոցիալական ծառայություններ, զբաղվածություն, ակտիվ ու արժանապատիվ ծերություն ապահովելուն։
Մեզ համար առաջնահերթություն է՝ լիարժեք գնահատել սոցիալական պաշտպանության հաստատություններում խնամվող (և դրանցից դուրս) տարեցների սոցիալական կարիքները, հանրապետության բոլոր մարզերում ստեղծել ցերեկային կենտրոններ, բոլոր մարզերում ներդնել տնային խնամքի ծառայություն, վերանայել օրենսդրական դաշտը՝ սկսած խնամքի տրամադրման չափորոշիչներից։
Այս և այլ ուղղություններով աշխատանքներ իրականացնում ենք․ շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում ընթանում են շահառուների արժանապատիվ կենսական պայմանների ապահովման համար անհրաժեշտ բարեկարգման աշխատանքներ, բարձրացնում ենք նրանց մատուցվող ծառայությունների որակը, ընդլայնում շրջանակը։
Բարեփոխումների գործընթացում այս տարվա ընթացքում փուլ առ փուլ ունեցանք կենսաթոշակների բարձրացում, որը, ինչպես նշել ենք, ունենալու է իր շարունակությունը։ Նույն համատեքստում ստեղծեցինք հնարավորություն, որ կենսաթոշակառուներն օգտվեն ժամանակակից տեխնոլոգիաներից, կուտակեն հետվճարներ։
Այսպիսով, սիրելի՛ տատիկներ ու պապիկներ, կրկին շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում խաղաղ, սիրով ու ջերմությամբ շրջապատված ծերություն»,- ասվում է ուղերձում: