00:00:00

Այս պահին հակառակորդին ի ցույց դնել, որ մենք զենքի հետ կապված խնդիր ունենք, ընդամենը դավաճանություն է, պետության անվտանգությանը հասցվող լուրջ հարված․ Դավիթ Ջամալյան․ «Փաստ»

10:06, 01 հոկտեմբեր 2022 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Սպառազինության թեմային, առհասարակ, շատ մեծ զգուշությամբ պետք է անդրադառնալ, բայց դավադիր իշխանության համար բարոյական տաբուներ չկան, և անգամ զենքի ձեռքբերման թեման կարող է ինչ-ինչ քաղաքական սպեկուլյացիաների վերածվել: Այս կարծիքին է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը, որը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է զենքի ձեռքբերման շուրջ վերջին շրջանում արված մի շարք հայտարարությունների:

«Հերթական հակառուսական հիստերիան բարձրացնելու համար ընտրված թեմա է սա: Ընդ որում՝ լկտի սուտ է այն, որ ադրբեջանական կողմի ճնշմամբ ռուսական կողմը մեզ զենք չի մատակարարում, որովհետև 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում ռուսական կողմը մեծ ծավալի սպառազինություն է մատակարարել: Միայն ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանի հայտնի հայտարարությունները բավական են ծավալը պատկերացնելու համար: Հետպատերազմյան շրջանում նույնպես եղել են մատակարարումներ: Հիմա ՌԴ-ն իր ամբողջ ռեսուրսն ուղղել է ուկրաինական ճակատ: Այո, միանգամայն հավանական է, որ այս պահին ռուսական կողմը զենք մատակարարելու հետ կապված կարող է ինչ-որ դժվարություններ ունենալ, բայց դա չի նշանակում, որ զենք չի մատակարարելու կամ չի մատակարարում: Եթե անգամ ռուսական կողմի համար այս պահին առկա են խնդիրներ և հիմա չի կարող անհրաժեշտ սպառազինություն տրամադրել, այդ մասին բարձրաձայնելն առնվազն պետության անվտանգությանը մեծագույն հարված հասցնել է նշանակում: Այս պահին հակառակորդին ի ցույց դնել, որ մենք զենքի հետ կապված խնդիր ունենք, ընդամենը մի գնահատական կարող է ստանալ. սա դավաճանություն է, սա պետության անվտանգությանը հասցվող շատ լուրջ հարված է»,-շեշտեց Դավիթ Ջամալյանը:

Վերջինս շեշտեց՝ եթե անգամ այս պահին խնդիրներ կան, չի նշանակում, որ Ռուսաստանը սպառազինությունը չի մատակարարելու. «Անկախ Ադրբեջանի ցանկությունից, այդ մատակարարումները միշտ են եղել: Ադրբեջանական կողմը ռուսական կողմի որոշումների վրա ազդելու հնարավորություն չի ունեցել և հիմա էլ չունի: Եթե մատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել, դա դեռ չի նշանակում, որ խնդիրները լուծելի չեն: Նախկինում էլ են եղել խնդիրներ սպառազինության մատակարարման ժամկետների հետ կապված, բայց հարցերը լուծվել են՝ առանց դրանք անտեղի հրապարակայնացնելու, որովհետև սպառազինության հետ կապված թեմաների հրապարակայնացումը, բացի թշնամուց, որևէ մեկին ձեռնտու չէ»:

 

Մյուս կողմից՝ Դավիթ Ջամալ յանը նշում է, որ այս պահին Իրանից զենք ձեռք բերելու հնարավորություն կա. «Իրանից զենք ձեռք չեն բերում, որովհետև կրիտիկական կախվածություն ունեն իրենց արևմտյան տերերից: Նրանք ամեն ինչ կարող են իրենց թույլ տալ, բացի Իրանի հետ ծավալուն համագործակցությունից: Առհասարակ ցանկացած ստորություն իր բացատրությունն ունի: Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցության չգնալը ստորություն է, պետական անվտանգությանը հասցվող մեծագույն հարված: Սրանք իշխանության են բերվել հենց Ռուսաստանի ու Իրանի դեմ շատ ընդգծված պրոարևմտյան քաղաքականություն տանելու համար: Իրականում զենք կարելի է ձեռք բերել ցանկացած տեղից, բայց առանց հակադրելու: Ասում են, իբր, ԱՄՆ-ից զենք պետք է ձեռք բերեն, ինչը դեռ մեծ հարց է:

Բայց, ամեն դեպքում, եթե դուք ԱՄՆ-ից զենք ձեռք եք բերում ՌԴ-ին հակադրվելու տրամաբանությամբ, դուք անվտանգության խնդիր չեք լուծում, դուք ավելի եք խորացնում առկա խնդիրները: Եթե զենքը ձեռք է բերվում առանց հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ առաջացնելու, որևէ խնդիր չկա, բայց հարցն այն է, որ սա արվում է դաշնակից Ռուսաստանին հակադրվելու մոլուցքի, հակառուսական տրամադրություններ տարածելու տրամաբանությամբ, ինչը ոչ մի լավ տեղ չի տանելու»:

Դավիթ Ջամալյանի խոսքով, եթե անգամ Հնդկաստանից զենք ձեռք բերելու պայմանավորվածություն կա, որի մասին գրել էր The Economic Times-ը, այդ մասին աղմուկ բարձրացնելը այդ գործընթացի վերջը դնել է նշանակում. «Թեպետ Հնդկաստանը ինքնուրույն դերակատար է, բայց Հնդկաստանի վրա Թուրքիան, հավաքական Արևմուտքը կարող են ինչ-ինչ ճնշումներ բանեցնել: Մեծ հաշվով, երբ զենքի թեման PR-ի, այս պահին հակառուսական տրամադրությունները խորացնելու համար էլի առաջին պլան է բերվում, դրանով մեծ հարված են հասցնում գործընթացին: Ադրբեջանը, Թուրքիան ու հավաքական Արևմուտքն անելու են ամեն հնարավորը, որ այդ գործարքը իրականություն չդառնա:

Շատ լավ կլինի, որ Հնդկաստանից կարողանանք զենք ձեռք բերել, բայց եթե այն էլի արվելու է հակադրվելու տրամաբանությամբ, մեծ վնաս է հասցնելու մեր անվտանգությանը, որովհետև հայ-ռուսական՝ նաև ռազմատեխնիկական կողմին այլընտրանք չկա: Եվ խնդիրը միայն զենք ձեռք բերելը չէ. ՌԴից այն ձեռք ենք բերում մատչելի գներով, շատ դեպքերում՝ անվճար: Եվ հարց է, թե ինչ սպառազինության մասին է խոսքը, մինչդեռ ՌԴ-ից ստացել ենք այն, ինչ ուզել ենք, ու երբևէ խնդիր չի եղել: Ավելին ասեմ՝ խնդիրը միայն զենք ձեռք բերելը չէ, այն տեղ հասցնելը ևս մեծ խնդիր է: Այդ մասին բարձրաձայնելով՝ նաև զենքը տեղ հասցնելու առումով է խնդիր ստեղծվում»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր