Եթե Պուտինն ինչ-որ բան է մտածել, ապա կանի դա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, գրում է Anadolu-ն։
Նրա խոսքով՝ «Ուկրաինայի որոշ օկուպացված շրջանների»՝ Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեի անցկացումը, մասնակի մոբիլիզացիայի մասին Ռուսաստանի որոշումը մտահոգություն են առաջացնում։ Նրա խոսքով՝ նման իրադարձությունները բարդացնում են դիվանագիտական գործընթացը եւ հանգեցնում անկայունության խորացման։
«Եթե պարոն Պուտինն ինչ-որ բան է մտածել, ապա կանի դա»,-ասել է Էրդողանը՝ հույս հայտնելով, որ դիվանագիտական ջանքերը կակտիվանան։
«Միջուկային պատերազմի արժեքը ողբերգական է։ Կարծում եմ՝ ամենաճիշտ ուղին հարցի դիվանագիտական լուծումն է»։
Էրդողանը հավելել է, որ այսօր հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ եւ մանրամասն կքննարկի իրավիճակը։
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օգնություն է խնդրել այդ չորս շրջանների հետ կապված։ Այսինքն՝ նա ուզում է, որ մենք այս հարցը քննարկենք պարոն Պուտինի հետ եւ համոզենք նրան»,-ասել է Էրդողանը։