Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել է Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը, իսկ ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի անունից՝ գրասենյակի գործառնական դեպարտամենտի տնօրեն Միվա Կատոն:
«Իր խոսքում դեսպան Պապիկյանն ընդգծեց, որ ճանապարհային քարտեզը հնարավորություն է տալիս երկու կողմերի միջև առկա համագործակցությունը ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել և ամրապնդել Հայաստանի ձեռքբերումները՝ գրասենյակի մանդատի շրջանակներում առկա մարտահրավերները հասցեագրելու գործում: Նա նշեց նաև, որ ճանապարհային քարտեզը նաև կնպաստի հանցավորության դեմ պայքարի ոլորտում Հայաստանի կարողությունների զարգացմանը, և այս առումով կարևորեց UNODC-ի քարտուղարության հետ ձևավորված համագործակցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ Միվա Կատոն իր հերթին շեշտել է, որ ճանապարհային քարտեզի ստորագրումը կարևոր հանգրվան է երկկողմ համագործակցության զարգացման տեսանկյունից, և նշել UNODC-ի՝ Հայաստանի հետ փոխգործակցությունն էլ ավելի խորացնելու և զարգացնելու պատրաստակամության մասին:
Նշվում է, որ 2022-2025թթ. Համագործակցության ճանապարհային քարտեզը արտացոլում է հանցավորության դեմ պայքարի ոլորտում Հայաստանի կառավարության առաջնայնությունները, ինչպես նաև համահունչ է UNODC-ի 2021-2025թթ. ռազմավարությանը: Այն նպատակաուղղված է կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների, կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների, ինչպես նաև ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարելու Հայաստանի ազգային կարողությունների ամրապնդմանը: Ճանապարհային քարտեզի շրջանակներում կողմերը զարգացնելու են իրենց համագործակցությունը նաև հանցավորությունների կանխարգելման և քրեական արդարադատության ուղղություններով:
Ճանապարհային քարտեզի իրագործման գործընթացը գնահատելու, մշտադիտարկելու և արդյունքների մասին պարբերաբար զեկուցելու նպատակով ստեղծվելու է ծրագրերի կիրարկման գնահատման համատեղ մեխանիզմ: