Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:
Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ Իրանն անթույլատրելի է համարում տարածաշրջանում սահմանների և աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն։
Հանդիպման ընթացքում երկու երկրների ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ։ Կարևորվել է երկկողմ օրակարգը հարստացնելու նպատակով համատեղ ջանքերի իրականացումը, հատկապես էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտներում: