Ռուսաստանը Բաքվին և Երևանին կոչ է անում պահպանել հրադադարը և հետևել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մեզ մոտ գտնվող պետությունների միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ մտահոգություն է առաջացնում։ Կոչ ենք անում բոլորին զսպվածություն դրսևորել, խստորեն պահպանել հրադադարը և վճռականորեն հետևել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին», - ասել է Պուտինը օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։
Նրա խոսքով՝ «վիճելի տարածքային հարցերի լուծման բանալին հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակներում Ռուսաստանի կողմից խորհրդատվական աջակցությամբ մասնագիտական համատեղ աշխատանքն է»։