«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում «Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը և ռազմական հանցագործությունները 1918-2022 թթ.» խորագրով մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
«2020 թվականի նոյեմբերի 9-ին հաջորդած ժամանակահատվածում, երբ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև ստորագրվեց եռակողմ հայտարարություն,որի առաջին կետով պետք է դադարեցվեն ռազմական գործողությունները, մենք շարունակ ականատես ենք եղել Ադրբեջանի հանցավոր պահվածքին,որի հետևանքով այդ ընթացքում զոհվել է 18 անձ, այդ թվում՝ երեքը՝ քաղաքացիական, 15-ը՝ զինվորական»,-նշել է բանախոսը՝ ընդգծելով, որ հրադադարի ռեժիմի հաստատումից ընդամենը մեկ ամիս անց, Ադրբեջանի կողմից Խծաբերդի և Հին թաղերի ուղղությամբ իրականացված հանցագործությունների հետևանքով 9 անձ սպանվել է, 64-ը՝ գերեվարվել, որոնցից 30-ը մինչև այս պահն անօրեն պահվում են ադրբեջանական բանտերում:
Արցախի ՄԻՊ-ն անդրադարձավ նաև 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիային, որի հիմնական թիրախը դարձան Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ համայնքները և Քարագլուխ բարձունքը:
Ադրբեջանական ստորաբաժանումներ կամ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները ներկայում էլ շարունակում են գտնվել Քարագլխում,ինչն իրական վտանգ է ստեղծում հարակից բոլոր քաղաքացիական բնակավայրերի համար:
«Այս տարվա օգոստոսին սանձազերծվեց ևս մի ագրեսիա՝ միաժամանակ Ադրբեջանը պահանջ ներկայացրեց փոխելու Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքով,կամ ինչպես ընդունված է ասել՝ Լաչինի միջանցքով անցնող երթուղին»,- ավելացրել է Գ.Ստեփանյանը:
Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա սեպտեմբերի 12-ից սանձազերծված ագրեսիային ու նրա հետևանքներին, բանախոսը համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանը փորձում է ուժի կիրառմամբ հասնել իր տարբեր պահանջների իրականացմանը: «ՀՀ սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի պատճառով թիրախավորվել է 20 քաղաքացիական բնակավայրեր, վիրավորվել է 7, սպանվել 1 քաղաքացիական անձ:
ՀՀ տարբեր խաղաղ բնակավայրերից տեղահանվել է մոտ 7600 քաղաքացի, ընդ որում երեխաներ, հաշմանդամներ:Թիրախավորվել են լրագրողներ, ենթակառուցվածքներ, շտապ օգնության երկու մեքենա,որոնցից մեկի վարորդը զոհվել է: Այս ամենը ևս վկայում է, որ Ադրբեջանի ձեռագիրը որևէ ձևով փոփոխության չի ենթարկվել, իսկ այս իրավիճակն անպատժելիության անմիջական հետևանքն է»,-ընդհանրացրել է Գ. Ստեփանյանը: