ԱՀ Նախագահի աշխատակազմի սույն թվականի սեպտեմբերի 17-ի հայտարարությունը այն մասին, որ սեպտեմբերի 19-ին Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ելնելով ստեղծված իրավիճակից, հանդես կգա տեսաուղերձով, սոցիալական ցանցերում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել։
Այս առնչությամբ «Արցախպրես»-ի հարցին ի պատասխան Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը պարզաբանել է, որ տեսաուղերձի առիթը վերջին զարգացումներն են, և Արցախի Հանրապետության նախագահը ներկայացնելու է այն օրակարգը, որը ծրագրում են իրագործել Արցախի Հանրապետության իշխանությունները՝ ապահովելով արցախահայության ապագան Արցախի Հանրապետությունում։
«Նախագահն անդրադառնալու է հայկական երկու հանրապետությունների առջև ծառացած մարտահրավերներին, դրանք հաղթահարելու համար կատարվող քայլերին՝ արտաքին քաղաքական դաշտում, անվտանգության բնագավառում և ներքին կյանքում։ Նախագահը պատրաստ է պատասխանել հանրությանը հուզող հարցերին: Հաշվի առնելով, որ այժմ կուտակված կարևոր հարցեր կան, որոնց պատասխանները պետք է հնչեն ողջ հանրության համար, այդ պատճառով նախագահ Հարությունյանը նախընտրել է օգտվել Սահմանադրությամբ իրեն տրված՝ ուղերձի հնարավորությունից և դիմել ողջ ժողովրդին՝ հասարակության մի փոքր հատվածի առջև ելույթ ունենալու փոխարեն»,-մանրամասնել է Լ. Ավանեսյանը:
Հիշեցնենք, որ մտահոգող հարցերը կարող եք ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեներին.
Դրանք կխմբավորվեն ըստ թեմաների, և հրատապ ու առաջնահերթ հարցերին կտրվեն համապարփակ պատասխաններ: Նամակներն ուղարկելու վերջնաժամկետը սեպտեմբերի 18-ի ժամը 18:00-ն է:
Արցախի հանրային հեռուստատեսությամբ և ԱՀ Նախագահի ֆեյսբուքյան էջով տեսաուղերձի հեռարձակման ժամի մասին նախապես կհայտարարվի։