Հայաստանն այսօր դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել ընդդեմ Ադրբեջանի, տեղեկացնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջը։
Ներկայացված դիմումները վերաբերում են Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմանը, քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հիմնարար իրավունքների պաշտպանությանը:
Հայաստանը եվրոպական դատարանից պահանջել է նաև կիրառել իր կանոնադրության 39-րդ կանոնի 2-րդ կետը և անհապաղ ծանուցել որոշման մասի ԵԽ Նախարարների կոմիտեին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում է թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին, որոշ ուղղություններով ձեռնարկում դիրքային առաջխաղացման գործողություններ։ Հայկական կողմն ունի 49 զոհ և 80 վիրավոր, վիրավորներից երեքը քաղաքացիական անձինք են։