00:00:00

Մենք շատ բարձր ենք գնահատում Ռուսաստանի խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, Լաչինի միջանցքում․ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

17:17, 07 սեպտեմբեր 2022 Լեռնային Ղարաբաղ

Վլադիվոստոկում անցկացվող «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Իր խոսքում ՌԴ նախագահը, մասնավորապես, նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, մենք Ձեզ հետ մշտական կապի մեջ ենք՝ կանոնավոր հանդիպումներ, հեռախոսազրույցներ ընթացիկ արդիական հարցերի շուրջ, բայց, այնուամենայնիվ, այսօր անձնապես հանդիպելով Ձեզ՝ կարևոր եմ համարում հիշատակել, որ այս տարի մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, հիմնարար պայմանագրի ստորագրման 25-ամյակը:

 Մեր հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով: Մենք աշխատում ենք մեր կազմակերպություններում՝ և՛ տնտեսական կազմակերպությունում, և՛ ՀԱՊԿ-ում, նկատի ունեմ՝ անվտանգության և կայունության ապահովումը: Մոտ ապագայում Դուք պլանավորում եք լինել նաև Ուզբեկստանում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում նախատեսվող միջոցառումներին, որտեղ հնարավորություն կլինի ևս մեկ անգամ հանդիպել և գործընկերների հետ բանակցել:

Հայաստանի առևտրատնտեսական գործընկերների շրջանակում Ռուսաստանը վստահորեն պահպանում է առաջին տեղը: Առևտրաշրջանառությունը վերջին շրջանում, մոտավորապես, 25-30 տոկոսով աճել է: Մենք, իրոք, նկատում ենք Հայաստանում տնտեսական կայունացումը: Ձեր կառավարության կողմից շատ բան է արվել այդ ուղղությամբ:

 Իհարկե, ամենազգայուն հարցերից մեկը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության ապահովման հետ կապված իրավիճակին: Մենք դրա շուրջ մշտապես Ձեզ հետ խոսում ենք, մշտապես կապի մեջ ենք: Եվ ես ուրախ եմ Ռուսաստան Ձեր այցի ընթացքում՝ Վլադիվաստոկում տնտեսական ֆորումի շրջանակում զրուցել այս բոլոր թեմաների շուրջ:

 Մեզ մոտ ընդլայնվում են այն ընկերությունների և մարդկանց շրջանակը, որոնք փոխգործակցում են: Մոտ ապագայում նաև բիզնես-օպերատորներն են պատրաստվում հանդիպել, նաև մարզային ֆորում պետք է անցկացնեն: Նախատեսված են նաև այլ միջոցառումներ, այդ թվում՝ հումանիտար, մշակույթի, կրթության ոլորտներում:

 Շատ շնորհակալ եմ, որ հրավերն ընդունել եք և այցելել եք Վլադիվաստոկում տնտեսական ֆորումին»:

 Իր հերթին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է.  «Շատ շնորհակալ եմ Վլադիմիր Վլադիմիրի: Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Արևելյան տնտեսական ֆորումին մասնակցելու հրավերի համար: Անկեղծ ասած, ֆորումն ինձ դուր է եկել (այն, իհարկե, շարունակվում է), տպավորված եմ Վլադիվաստոկով՝ հիանալի վայր է: Հույս ունեմ, որ դեռ առիթներ կլինեն այցելել և ոչ միայն աշխատանքային նպատակով, այլ նաև այլ առիթներով:

 Իհարկե, ինչպես Դուք արդեն նշեցիք, ընթացիկ տարին շատ կարևոր տարի էր մեր հարաբերությունների համար՝ նկատի ունեմ և՛ ՀԱՊԿ-ի, և՛ մեր երկկողմ հարաբերությունների հետ կապված հոբելյանները:

 Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ամենամոտ գործընկերն ու ռազմավարական դաշնակիցը: Եվ հատկապես այս բարդ ժամանակներում շատ կաևոր են մշտական շփումները և դիրքորոշումների հստակեցումը:

 Դուք նշեցիք, ես էլ եմ ցանկանում նշել ռուսաստանյան խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում: Պետք է խոստովանել, որ դա այնքան էլ հեշտ առաքելություն չէ: Մենք բազմաթիվ անգամներ խոսել ենք դրա մասին: Մենք շատ բարձր ենք գնահատում Ռուսաստանի խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, Լաչինի միջանցքում, և ես կարծում եմ, որ դա շատ կարևոր է ընդգծել: Ընդհանրապես՝ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման իմաստով կան նրբություններ, որոնք մենք մշտապես քննարկում ենք և կարծում եմ` այսօր էլ շատ տեղին կլինի այդ հարցերը քննարկել:

 Մեր երկրների առևտրատնտեսական հարաբերություններին վերաբերող հարցերը նույնպես ավանդական բնույթ են կրում: Շատ ուրախալի է, որ հետհամավարակային շրջանում մեր առևտրատնտեսական հարաբերությունները ոչ միայն վերականգվել են, այլ նաև որոշակի նոր դրական զարգացումներ կան, որոնց մասին մենք խոսեցինք ֆորումի ժամանակ:

 Իհարկե, մեր հարաբերությունների օրակարգը շատ հագեցած է, և ես վստահ եմ, որ այսօր նույնպես կունենանք բովանդակալից և հագեցած զրույց: Եվս մեկ անգամ շնորհակալություն ջերմ ընդունելության համար»:           

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր