Արցախի Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակներում կայացել է Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի նորակառույց բնակավայրի բացման արարողությանը:
Ասկերանի վերին ենթաշրջանի բռնազավթված Սղնախ, Մոշխմհատ, Ջրաղացներ և Մադաթաշեն համայնքների 95 տեղահանված ընտանիքներ առաջիկայում տեղափոխվելու են իրենց նոր բնակարանները, իսկ բնակավայրում պետական միջոցներով կառուցվող տների ընդհանուր թիվը 130 է:
«Այս դժվարին պայմաններում մեր անկախության տոնի նշանավորման լավագույն ձևերից մեկը հենց բնակարանամուտ տոնելն է, որը ցուցադրում է հայրենի հողին կառչելու մեր մղումը: Այսօր, ի հեճուկս բազմաթիվ մարտահրավերների, կրկին արարում ենք և կորցրածի դիմաց կառուցում ենք, որպեսզի մեր կեցությամբ, գոյությամբ ու արարումով Արցախը պահենք հայկական»,-գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:
Բնակարանային հարցերի կոմիտեն անցկացրել է վիճակահանություն՝ նոր առանձնատների տրամադրման գործընթացը ադարացի ու թափանցիկ կերպով կազմակերպելու նպատակով:
«Շնորհակալություն շինարարներին, բնակարանային հարցերի կոմիտեի թիմին՝ այս ծրագիրը հավուր պատշաճի կյանքի կոչելու համար, և շնորհավորանքներս ու լավագույն բարեմաղթանքներս բոլոր շահառուներին»,-գրել է Բեգլարյանը: