Ֆրանսիայի Սենատի անդամ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ Վալերի Բուայեն Արցախի Հանրապետության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել , որը ներկայացվել է այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտի վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքի ընթացքում. գրում է artsakhpress-ը։
Ուղերձում նշված է.
«Արցախցի թանկագին բարեկամներ, Այսօր ես ձեզ հետ եմ՝ տոնելու համար Արցախի Հանրապետության հիմնադրման 31 ամյակը: Ընդունված շնորհավորանքներից անդին՝ ուզում եմ խորին հարգանքս հավաստել բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել թե՜ 1991 թ, թե 2016, թե՜ 2020 թ պատերազմներում, թե՜ այսօր՝ երաշխավորելու համար արցախահայության անկախությունն ու ապագան: Տոնական այս առիթից օգտվելով՝ ուզում եմ կրկին Ֆրանսիային խնդրել՝ դադարել թաքնվել Մինսկի խմբի չեզոքության թիկունքում:
Այս խմբի կոչումը չեզոքությունը չէ, այլ էթնիկ նոր զտումը կանխելը: Ֆրանսիան մեծ պետություն է: Իր պատմության ընթացքում Ֆրանսիան միշտ պաշտպանել է ճնշվածներին: ֆրանսիան չի կարող չեզոք մնալ Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի օժանդակությամբ ֆոսֆորային ռումբերի օգտագործման առջեւ: Չեզոք մնալ Թուրքային կողմից՝ հայերի սպանելու նպատակով ջիհադիստներ ուղարկելու առջեւ:
Չեզոք մնալ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից էթնիկ եւ մշակութային զտումների առջեւ: Չեզոք մնալ, նշանակում է լքել հարազատ քրոջը, դաշնակցին՝ Հայաստանին, եւ կրկին հանդիսատեսը լինել նոր ցեղասպանության:
Ղարաբաղում անկախություն չեն ուզում որպես ազգային հպարտության ձեւական փառքի ավելորդ ուսադիր: Անկախությունն այստեղ ընկալում են իբրեւ անվտանգության, ժողովրդավարության եւ զարգացման երաշխիք: Անկախությունը գոյության երաշխիք է»: