ՊԵԿ քննիչ դառնալու համար այլևս աշխատանքային ստաժ պետք չի լինի։ Կառավարությունն այսօրվա՝ օգոստոսի 18-ի նիստին ընդունեց համապատախսան որոշումը։
Ներկայումս Քննչական մարմնում քննիչի պաշտոնի համար մինչև նշանակումը պահանջվում է դատավորի, դատախազի, քննչական մարմինների ինքնավար պաշտոնի, փաստաբանի կամ հետաքննության մարմնի հետաքննություն կատարելու իրավասություն ունեցող աշխատակցի առնվազն 1 տարվա աշխատանքային ստաժ կամ տվյալ պաշտոններում առնվազն 1 տարվա ընդհանուր` իրար փոխլրացնող, աշխատանքային ստաժ:
Ըստ հիմնավորման՝ նշված կարգավորումը առաջացնում է որոշակի դժվարություններ քննչական մարմնում պաշտոնների համալրման համար՝ հանգեցնելով տևական ժամանակ թափուր հաստիքների չհամալրմանը, միաժամանակ ծանրաբեռնելով քննչական մարմինների աշխատանքը։ Ուստի ՀՀ պետական եկամուտների կոմիտեն մշակել ու ներկայացրել է այս նախագիծը։
Նախագծի հիմնական նպատակն է` հնարավորություն ստեղծել քննչական մարմնում առկա թափուր հաստիքները համալրելու համար՝ ապահովելով քննչական մարմնի բնականոն գործունեությունը։