Տպավորություն է, որ մեզանում շատերը չեն պատկերացնում Արցախի և Հայաստանի շուրջ առաջիկա շաբաթների զարգացումների ամբողջ վտանգավորությունը։
Ստեղծված ծանր իրավիճակում, երբ լրջագույն մարտահրավերներ են նետված Հայաստանին և Արցախին, պաշտոնական Ստեփանակերտի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է հանդես գա Ղարաբաղյան խնդրի շուրջ Երևանի դիրքորոշումից տարբերվող հայտարարությամբ։
Ստեփանակերտը պետք է հանդես գա հետեւյալ սկզբունքով՝ ոչինչ մեր մասին առանց մեզ։ Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության հետ բանակցությունների արդյունքները չեն կարող վերջնականապես կանխորոշել Արցախի կամքը եւ ճակատագիրը, քանզի հակամարտության կենտրոնական սուբյեկտը ոչ թե Հայաստանն է, այլ Արցախը եւ Արցախի ժողովուրդն ապրիորի։
Աշխարհը պետք է լսի Ստեփանակերտի ձայնը այն մասին, որ Երևանը այսուհետ չի ներկայացնում Ստեփանակերտին, որ Երևանին արգելում է Արցախի խնդրով հետագա միանձնյա բանակցություններ վարել։
Միևնույն ժամանակ Ստեփանակերտը միջազգային հանրությանը պետք է տեղեկացնի ուղիղ, առանց միջնորդների Բաքվի հետ երկխոսելու պատրաստակամության մասին։ Արցախը պետք է դիրքորոշվի, հիմնվելով իր, որպես սուբյեկտի, եւ արցախահայության անվտանգության, մարդու համընդհանուր իրավունքների՝ հրամայականի մակարդակի առաջնահերթության վրա։
Ինչի՞ց պետք է միջազգային հանրությունը ելնի Ղարաբաղին բանակցության կողմ կամ միջազգային սուբյեկտ դարձնելու համար:
Մի՞թե նրանից, որ Ղարաբաղում կա մի մարդ, որը նախագահ է կոչվում, կա կառավարություն, կան նախարարություններ, Ազգային Ժողով, դեպուտատներ, կառավարական շենքեր ու ծառայողական մեքենաներ, բանակ:
Իսկ որ այդ ամենը կա և առաջիկա շաբաթներին Ղարաբաղի շուրջ պայթյունավտանգ զարգացումներ են նշմարվում, որոնք էապես վերաբերվելու են Արցախի ապագային Ստեփանակերտն իր գործը համարում է միայն Հայաստանից ու աշխարհի անարդարությունից բողոքելը:
Մի՞թե Ղարաբաղն ասելիք չունի: Մի՞թե Ղարաբաղը իր սեփական դիրքորոշումը չունի, որ կարող է հրապարակել: Պարզ է ու հասկանալի, որ գուցե այդ դիրքորոշմանը որեւէ մեկը, բացի հայաստանյան մամուլից, հայաստանյան քաղաքագիտական հանրույթից ուշադրություն չդարձնի աշխարհում:
Պարզ է ու հասկանալի, որ դրանից հետո Ղարաբաղը նույն օրը չեն ճանաչելու եւ Ադրբեջանին ստիպեն բանակցել Ղարաբաղի հետ:
Բայց չէ՞ որ ոչինչ չասելով, հետեւողականորեն լռելով առավել եւս չեն ճանաչելու եւ չեն բանակցելու Ղարաբաղի հետ:
Միջազգային քաղաքականությունը խրախճանքի սեղան չէ, որից պետք է հնարավորինս հեռու եւ լուռ նստել, որ քեզ դրանով նկատեն ու հրավիրեն սեղանի մոտ: Միջազգային քաղաքականությունն աշխատանք է, տքնաջան և անմնացորդ, որը պետք է նկատեն, որ գնահատեն:
Արման Բաբաջանյան